ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ի դիմաց այս պահին բողոքի ակցիա է ընթանում։ Այսօր ՀՀ է ժամանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Ակցիայի մասնակիցները ցանկանում են նրան ցույց տալ, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, «Յութուբով» հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են։
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հետ բերել է թուրքական արտադրության լամպ։
«Քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ–ն համարում է ժողովրդավարության փարոս, այս թուրքական արտադրության լամպը նրա փարոսն է, քանի որ այն լույս է տալիս և աշխատում է բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի համար»,– հայտարարեց նա։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ իրենց այսօրվա իրազեկման ակցիան վերաբերում է ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվի բանտերում գտնվող քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը։
Ռուբեն Մելիքյանը ՀՀ ԱԳՆ–ի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ
© Sputnik / Asatur Yesayants
«Եվրոպայի խորհուրդը հայտարարել է, որ մարդկանց չի կարելի ձերբակալել, չի կարելի ոտքը գլխին դնել քաղաքական պատճառներով։ Մենք հավաքվել ենք, որ Պեյչինովիչ-Բուրիչից պահանջենք` երկակի ստանդարտներ չկիրառվեն»,– ընդգծեց նա։
Ակցիայի մասնակիցներից Դավիթ Ֆիդանյանն ընթերցեց այն նամակը, որը ցանկանում էին փոխանցել Բուրիչին մոտենալ նրան։
Նամակում մասնավորապես ասվում է, որ ՀՀ ՔԿՀ–ները լի են քաղբանտարկյալներով, իսկ անկախ լրագրողները ենթարկվում են հետապնդումների։
«Հաշվի առնելով այն, որ գտնվում եք ՀՀ–ում, կոչ ենք անում ՀՀ իշխանությունների առաջ պարտադիր պայման դնել հրատապ ու առանց շահարկումների ԵԽ–ի առաջ ստանձնած պարտավորությունների շրջանակում ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին»,– մասնավորպես նշված է նամակում։
Նամակում կա նաև կոչ` քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար։
Այնուամենայնիվ, հաջողվել է նամակը միջնորդավորված փոխանցել Բուրիչին։
Բուրիչին հասցեագրված նամակը
© Sputnik / Asatur Yesayants
Հավելենք, որ Բուրիչը Հայաստան է ժամանել այսօր առավոտյան։