Տարիներ առաջ Սաթենիկ Բադեյանն ընտանիքի հետ Գեղարքունիքի այլ գյուղից տեղափոխվեց Լճաշեն՝ նպատակ ունենալով զարգացնել գյուղն ու զբոսաշրջային կենտրոն դարձնել։ Թեպետ գյուղը Հայաստանով մեկ ու դրա սահմաններից դուրս հանրահռչակել դեռ չի ստացվել, բայց հիմքն արդեն դրվել է։ Լճաշենը ոչ շատ, բայց զբոսաշրջիկներ արդեն ունենում է։
Սաթենիկն ու ամուսինը մեծացել են նավապետների ընտանիքում, իրենց ամբողջ կյանքն ու կենցաղը Սևանա լճի շուրջն է հյուսված եղել։ 90-ականներին նրանք պայքարում էին լճի փրկության համար, 2002-ին անգամ ՀԿ հիմնադրեցին, որի գերնպատակը լճի պահպանությունն էր։ Միաժամանակ գիտակցում էին՝ լճի շրջակայքում ապրողների համար ձկնորսությունն ապրուստի միջոց է, եթե ասում ես՝ ձկնորսությամբ մի՛ զբաղվիր, ուրեմն այլընտրանք պետք է առաջարկես։
Սաթենիկ Բադեյանը
© Sputnik / Aram Nersesyan
«5-րդ դասարանում, երբ բրոնզե դար էինք անցնում, մի պարբերություն կար Լճաշենի մասին գրված։ Մի քանի տող էր, որ բացառիկ դամբարաններ են հայտնաբերվել, որտեղից ոսկյա զարդեր են գտնվել և այլն։ Ես հայրենասերների ընտանիքում էի մեծանում, հայրս ձգտում էր, որ ամեն ինչի մասին տեղեկություններ ունենանք, բայց զարմացել էի, որ մեր կողքի գյուղի մասին ոչինչ չգիտենք։ Այդ զարմանքն ինձ ամբողջ կյանքում էր ուղեկցում»,- պատմում է Սաթենիկը։
Այդպես դպրոցական զարմանքն ու այլընտրանքային ռեսուրսի որոնումը 2017 թվականին Սաթենիկին ամուսնու հետ բերեցին Լճաշեն։ Արդեն հասկացել էին՝ եթե ուզում ես փոփոխություն բերել, ապա պետք է սկսես այդ համայնքում ապրել։
«Այստեղ բոլոր ժամանակների հուշարձաններ կան, սա պատմահնագիտական հուշարձաններով բացառիկ հարուստ վայր է, գանձարան։ Որ սկսեցի ուսումնասիրել, պարզվեց՝ դրսում հնագետ չկա, որ Լճաշենի մասին չիմանա։ Այն մշակութային կենտրոն է եղել Ուրարտուից դեռ հազարամյակներ առաջ, մշտապես բնակեցված է եղել մինչև 17-րդ դարի սկիզբը, երբ Շահ Աբասն ամբողջ Սևանի ավազանի բնակչությանը քշեց Պարսկաստան։ 19-րդ դարի սկզբին հայերը վերադարձան, և Լճաշենը կրկին բնակեցվեց»,- պատմում է Սաթենիկը։
Լճաշենի Սուրբ Հռիփսիմեն
© Sputnik / Aram Nersesyan
Եթե աշխարհում Լճաշենի նման վայր է գտնվում, այն շատ արագ զբոսաշրջային հայտնի կենտրոն է դառնում, իսկ Լճաշենի բացառիկության մասին անգամ մի քանի կմ հեռու ապրողները չգիտեն։
«Այստեղ կային տարբեր հնարավորություններ, որ մարդիկ լավ ապրեին, բայց չէր օգտագործվում»։
2020 թվականին Բադեյաններն արդեն Լճաշենի առաջին հյուրատունը հիմնադրեցին։ Այստեղ ամեն ինչ՝ անվանումից մինչև ներքին հարդարանք, Լճաշենի պատմական անցյալի մասին է։ Ձևավորումը Լճաշենի դամբարաններից գտնված իրերի օրինակներով, պատկերներով և ուրարտական ժամանակների ոճով է արված։
Լճաշենը բրոնզե դարում` Ուրարտուից առաջ, արդեն ծաղկուն բնակավայր էր, բայց այստեղ Արգիշտի Առաջինի արձանագրությունն է գտնվել, ուստի ուրարտացիներն էլ այստեղով առնվազն անցել են։
Արգիշտի Առաջինի արձանագրությունը տանող ճանապարհը
© Sputnik / Aram Nersesyan
Լճաշենի պատմության մասին ավելի մանրամասն արդեն գրել ենք։ Վերադառնանք հյուրատուն․ այն հիմնադրվեց որպես սոցիալական ձեռնարկատիրության մի մաս, Լճաշեն եկող հյուրերի գիշերակացը հյուրատնից բացի կազմակերպում են նաև գյուղացիների տներում, սնունդը գնվում է գյուղացուց և այլն՝ հնարավորության տալով լճաշենցիներին եկամուտի աղբյուր ունենալ իրենց հարազատ գյուղի զբոսաշրջային պոտենցիալի շնորհիվ։ Այն ոչ միայն հյուրատուն է, այլև յուրօրինակ թանգարան, որտեղ գիտաժողովներ են կազմակերպվում, մեծերի ու փոքրերի խմբեր ընդունում, նրանց համար էքսկուրսիաներ, հետաքրքիր դասեր կազմակերպում, օրինակ, սեպագրության։ Հյուրերը կարող են զգեստափոխվել, ուրարտական ժամանակների թագավոր ու թագուհի դառնալ։ Բակում անգամ փոքրիկ պեղավայրի օրինակ են պատրաստել, որտեղ երեխաներին հնագիտությանն են ծանոթացնում, սովորեցնում պեղումներ իրականացնել, սեր արթնացնում այս մասնագիտության հանդեպ։
«Էթիունի» հյուրատունը Լճաշենում
© Sputnik / Aram Nersesyan
Այն, որ Լճաշենում ամեն քայլափոխի պատմահնագիտական արժեքի կհանդիպես, հենց «Էթիունիի» բակում եք բացահայտում։ Փորում էին փոքրիկ ջրավազան կառուցելու համար, արդյունքում միջնադարյան տուն, անգամ թոնիր գտան։
Սաթենիկն ուրախությամբ ասում է՝ այսօր արդեն իրենցը Լճաշենի միակ հյուրատունը չէ, օրինակը վարակիչ եղավ։ Հիմա Սաթենիկի մեծ երազանքն է գյուղի զբոսաշրջային ներուժը լիարժեք օգտագործել, գտնված դամբարանները բարեկարգել, ամրակայել, լճաշենյան մշակույթը, ավանդույթներն ու պատմությունը ներկայացնող ամենամյա փառատոն կազմակերպել։