ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ–ի տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի ավելի քան 4 մլրդ դրամ կբռնագանձվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատական իշխանությունը։
Ըստ հաղորդագրության` վճիռն այսօր կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը։
Հիշեցնենք` Մայրապետյանը 2018 թվականի օգոստոսի 8-ին ձերբակալվեց, այնուհետ կալանավորվեց։ Նույն տարվա դեկտեմբերին նա ազատ արձակվեց։ Ավելի ուշ` 2019 թվականի փետրվարին, հայտնի դարձավ, որ նրան վիրահատել են Գերմանիայում։ Հոկտեմբերի 21-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ Մայրապետյանի ինքնազգացողությունն օդանավակայանում վատացել է, ինչի պատճառով էլ նա չի կարողացել Հայաստան գալ։ 2020 թվականի մարտին նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց։
Մայրապետյանը մեղադրվում է փաստաթղթերը կեղծելու միջոցով խոշոր չափի հարկեր չվճարելու մեջ։