ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Մոսկվայում, Եկատերինբուրգում և Օմսկում ձերբակալել է Կենտրոնական Ասիայից եկած ևս երեք ներգաղթյալի, որոնք ներգրավված են եղել «Կրոկուսի» ահաբեկչության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ կենտրոնական օպերատիվ կենտրոնը։
ԱԴԾ-ին հաջողվել է պարզել, որ ձերբակալվածներից երկուսը գումար են փոխանցել ահաբեկչության ժամանակ կիրառված հրազենը և տրանսպորտային միջոցները ձեռք բերելու համար։ Երրորդը հավաքագրել է ահաբեկչության հանցակիցներին ու ֆինանսավորել իրագործողներին։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 144–ի։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար: