ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Երևանի առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։ Եղիազարյանը դատարանի վճիռը հրապարակել է ֆեյսբուքյան էջում։
Դատարանը որոշել է նաև ԿԳՄՍՆ–ից հօգուտ Անի Եղիազարյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։
Հիշեցնենք` նախորդ տարվա նոյեմբերին Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից հեռացրին առանց ԿԳՄՍ նախարարի հրամանի արտերկիր աշխատանքային այց կատարելու համար։ Սակայն Անի Եղիազարյանը բացատրել էր, որ դա տարեսկզբին թանգարանի նախանշված ծրագրերում նախատեսված հրավերք-այց է եղել Հարավային Ամերիկայի երկու երկիր՝ Ուրուգվայ և Արգենտինա։