ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը մշակել է նախագահի հրամանագրի նախագիծը, որի համաձայն` «Աշխատանք Ռուսաստանում» ծառայությունը կլինի աշխատանքային միգրանտների կազմակերպված ընդունման պետական օպերատորը: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
««Աշխատանք Ռուսաստանում»-ը համաձայնագրեր կկնքի միգրանտների կազմակերպված հավաքագրում իրականացնող գործատուների հետ, գործատուների ռեեստր կունենա, աշխատակիցների հասցեական ընտրություն կիրականացնի ըստ ռուսաստանցի գործատուների կարիքների»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության փոխնախարար Դմիտրի Պլատիգինի խոսքով՝ նպատակն այն է, որ կազմակերպված հավաքագրումը գերակա մոդել դառնա տեղական ընկերությունների համար, որոնք օտարերկրյա աշխատողների են ներգրավում: Մեխանիզմը թույլ կտա աշխատակիցներ ընտրել՝ հաշվի առնելով նրանց որակավորումը։
«Աշխատանք Ռուսաստանում» ծառայությունը պայմանագիր կկնքի օտարերկրյա աշխատողի հետ, այդպիսի աշխատողների ռեեստր կունենա, աշխատակցի զբաղվածության մշտադիտարկում կանցկացնի անմիջապես այն գործատուի մոտ, որի կարիքներին համապատասխան օտարերկրյա քաղաքացին տեղափոխվել է»,-հստակեցվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ծառայությունը համապատասխան մարմիններին կտեղեկացնի և՛ միգրանտի կողմից գործատուի մոտ գտնվելու ռեժիմի խախտման, և՛ գործատուի կողմից աշխատակցի աշխատանքային իրավունքների խախտման դեպքում: