Ուժայինները ձերբակալել են Իսլամ Բացիևին՝ 2000 թվականին Չեչնիայում պսկովյան դեսանտայինների վրա հարձակման ևս մեկ մասնակցի, առաջիկայում նրան մեղադրանք կառաջադրվի «ավազակություն», «զինված ապստամբություն» և «ոտնձգություն զինծառայողի կյանքի նկատմամբ» հոդվածներով։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունում:
Հարձակումը, որի ընթացքում ՌԴ օդադեսանտային ուժերի պսկովյան 76-րդ դիվիզիայի 104-րդ գնդի 6-րդ վաշտի 84 զինծառայող է զոհվել, տեղի է ունեցել 2000 թվականի փետրվարի 29-ին Չեչնիայի Հանրապետության Շատոյսկի շրջանի Ուլուս Կուրտ գյուղի տարածքում՝ Բասաևի և Խաթաբի ընդհանուր ղեկավարությամբ միավորված զինված խմբավորման կողմից:
Այժմ գործով ներգրավված անձը ձերբակալված է։ Քննությունը պարզում է կասկածյալի դերն ու կոնկրետ գործողությունները հարձակման ընթացքում, ստուգվում է նրա մասնակցությունը հետաքննվող քրեական գործի հետ կապ չունեցող այլ հանցագործությունների կատարմանը:
1977 թվականին ծնված Բացիևը ձերբակալվել է մարտի 20-ին Խասավյուրտի շրջանի Բայրամաուլ գյուղում:
Ավելի վաղ պարզվել էր, որ հարձակմանը 43 անձ է մասնակցել, որոնցից 24-ն արդեն դատապարտվել են հանցախմբին մասնակցելու և զինծառայողների կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելու համար, ևս 5-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Երկուսի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրանց մահվան կապակցությամբ. նրանք ոչնչացվել են զինված դիմադրություն ցույց տալու ժամանակ: 8 անձի վերաբերյալ քրեական գործերը քննվում են դատարաններում։
Պսկովի դեսանտայինները զոհվել են 2000 թվականին Չեչնիայի Շատոյսկի շրջանում՝ Շամիլ Բասաևի և Խաթաբի գրոհայինների մի քանի անգամ գերազանցող ուժերի հետ մարտում։ Սա Հյուսիսային Կովկասում 1999-2000 թվականների հակաահաբեկչական գործողությունների ամենաողբերգական դրվագներից մեկն է։
Փետրվարի 29-ից մարտի 1-ը տևած մարտի ընթացքում 6-րդ վաշտի 90 զինծառայողներ, հաստատվելով գերիշխող բարձունքում, դիմադրել են շրջափակումից դուրս եկող մինչև 2,5 հազար գրոհայիններից բաղկացած խմբավորման հարձակումներին։ Մարտի հետևանքով զոհվել է 84 դեսանտային։
Արիության համար 22 դեսանտայինի շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում, որից 21-ը՝ հետմահու։ Արիության շքանշանով պարգևատրվել է 68 զինվոր և սպա, որոնցից 63-ը՝ հետմահու: