Ռուսաստանում հանցավոր խումբ է բացահայտվել, որում ՌԴ տնտեսական զարգացման նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ ու Ստավրոպոլի երկրամասի ձեռնարկատերեր են ներգրավված։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ)։
Թե նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր են անցնում գործով, հաղորդագրության մեջ չի նշվում:
Հետաքննությունը պարզել է, որ հանցակիցները ժամանակից շուտ դադարեցրել են ջուր արդյունահանող կազմակերպության` Ստավրոպոլի երկրամասի հանքավայրերից մեկի տարածքում հանքային ջուր արդյունահանելու լիցենզիայի գործողությունը՝ արտադրական հզորությունները հափշտակելու և գերշահույթ ստանալու համար։
Բացի այդ, ԱԴԾ-ն պարզել է, որ նրանք առանձնապես խոշոր չափերով բնական գազ են հափշտակել տարածաշրջանի նավթագազային ընկերություններից մեկից։ Թե կոնկրետ ինչ վնասի մասին է խոսքը, առայժմ չի նշվում։
Քրեական գործեր են հարուցվել երեք հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, հափշտակություն և շորթում: Գործով անցնող անձանց մեղադրանք առաջադրվել, նրանք մեկուսարանում են։
Մոսկվայի մարզում և Ստավրոպոլում իրականացված 17 խուզարկության արդյունքում առգրավվել է կանխիկ գումար, ինչպես նաև հրազեն, կապի միջոցներ և պրեմիում դասի ավտոմեքենաներ: