ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ դատախազներն անհրաժեշտ ամեն ինչ կանեն, որպեսզի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ողբերգության մեղավորներն արդար պատիժ կրեն:
«Ակնկալում եմ, որ դատախազներն իրենց լիազորությունների շրջանակում, այդ թվում՝ պետական մեղադրանք ներկայացնելիս և դատական գործընթացի ընթացքում, կանեն անհրաժեշտ ամեն ինչ, որ հանցագործները արդար պատիժ կրեն, ինչպես դա պահանջում է ռուսական օրենքը», - ասել է Պուտինը գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում:
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ քննիչներն իրենց հերթին պարզում են մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության մանրամասները:
«Հանցագործները, որոնք անմիջականորեն կատարել են այդ զանգվածային սպանությունը, ինչպես գիտեք, ձերբակալված են։ Քննիչները հանգամանորեն պարզում են այս բարբարոսական հանցագործության հանգամանքները, մանրամասները, յուրաքանչյուր մասնակցի դերը, մեղքի աստիճանը, ուսումնասիրում քրեագետների և փորձագետների եզրակացությունները», - ասել է նա:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով 139 մարդ է մահացել (այդ թվում՝ 3 երեխա)։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։