ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժած 3 անձանց վարքագիծը բնորոշ էր ահաբեկչական ակտին։ Այս մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
Նա նշեց, որ քիչ առաջ է դեպքի վայր եկել որպես Երևանի փոխքաղաքապետ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։
«Վարկածներ չկան, մնացած ամեն ինչը կպարզեն պատկան մարմինները։ Ես ընդամենը կասեմ, որ ցանկացած անձմ, որ ոստիկանության բաժանմունքում կհայտնվի զինված կամ պայթուցիկ նյութով՝ ահաբեկչական գործողություն է կատարում ըստ մեր քրեական օրենսգրքի»,-ասաց նա։
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները վնասազերծեցին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժած, նռնակով զինված քաղաքացուն և տարան ներս։
Հավելենք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնից հիվանդանոց տեղափոխված 2 պացիենտի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ նրանք ստացել են ստորին վերջույթների բեկորային վնասվածք։