ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեծ թափով սկսվել է ծառերի հատման գործընթացը։ Թումանյան փողոցում` Փարպեցիից մինչև Սարյան հատվածում, կտրում են թեղիները։
Երևանում 2023 թվականից սկսվել է «Երևանում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել գեղազարդ և արժեքավոր ծառերով» ծրագիրը։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի զարգացման գծով տնօրեն Արթուր Խալաթյանն ավելի վաղ ասել էր, որ նախատեսվում է մի քանի տասնյակ ծառ հատել։ Նա ընդգծել էր, որ թեղիները փոխարինվելու են Երևանին ադապտացված, ֆունկցիոնալ ու առանց խնդրի ծառատեսակներով` ալբիցիա լենքորանյան, օճառածառ և սակուրա։
ՀՈԱԿ–ից վստահեցրել էին, որ փոխարինման ենթակա ծառերն անկենսունակ են։ Ծրագիրն իրականացվելու է Ալեք Մանուկյան, Սայաթ–Նովա – Ալեք Մանուկյան – Չարենց, Ալեք Մանուկյան – Խանջյան, Թումանյան, Բագրատունյաց փողոցների հատվածներում։
Նշենք, որ մարտի 22-ին էլ ծառահատում էր իրականացվում Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցում։ Այնտեղ 73 ծառ էր հատվել։ ՀՈԱԿ–ի տնօրենը հայտնել էր, որ դրանց փոխարեն 84 ծառ է տնկվելու։
Հիշեցնենք` Երևանում կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառերը սկսեցին փոխարինել 2023 թվականին, այդ ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ, բայց «Կասկադ» համալիրին հարող տարածքների բազմամյա ծառերը կտրեցին։ Ըստ քաղաքապետարանի՝ հաստաբուն և բարձր թեղիները հին էին և ոչ գեղեցիկ։