ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ սիգարետի տեղափոխման փորձ է կանխել։ Տեղեկությունը հրապարակվել է ՊԵԿ–ի կայքում։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, Իրանից Հայաստան նախնական մաքսային հայտարարագրով ցեմենտային կլինկերի խմբաքանակ ներմուծած 8 բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվել է մաքսային հսկողություն, այդ թվում՝ ռենտգեն տեսազննում:
Արդյունքում կասկածներ են առաջացել, որ հնարավոր է` ինքնաթափ բեռնատարներում թաքցված ծխախոտ լինի։ Խոր զննում անցկացնելու նպատակով բեռնատարները տեղափոխվել են Հարավային տերմինալ ՓԲԸ մաքսային հսկողության տարածք, որտեղ իրականացված մաքսային զննման արդյունքում հայկական հաշվառման 8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 7500 տուփ ծխախոտ։
Վերջին տարիներին Իրանից Հայաստան ծխախոտի ապօրինի ներմուծման համար օգտագործվում են թաքցման տարբեր եղանակներ: Բացահայտված այս դեպքը, սակայն ուշագրավ է, քանի որ կիրառված եղանակը բավականին դժվար հայտնաբերվող է համարվում: Որպես քողարկող ապրանք օգտագործվել է ավելի քան 20 տոննա քաշով ցեմենտային կլինկերը, որի մեջ էլ հենց յուրաքանչյուր բեռնատարում թաքցվել է 1000-ից 1500 տուփ ծխախոտ։
Փաստի առթիվ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչությունում հարուցվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարչական վարույթներ, որոնց ավարտից հետո հիշյալ բեռնատարների վարորդների նկատմամբ կարող է կիրառվել 1 միլիոն դրամի չափով տուգանք։