ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Համազգային նպատակներին հասնելու մոտեցումները տարբեր են, բայց հայրենիքը մեկն է։ Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում Ռուսաստանի հետ Ղրիմի և Սևաստոպոլի վերամիավորման 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՌԴ վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ներկայանալով մրցակից թեկնածուների հետ։
«Այսօր ես հանդիպեցի գործընկերներիս հետ, որոնք իրենց ճանապարհն անցան նախագահական նախընտրական արշավում։ Նրանք բոլորն այստեղ են, այս հրավերը նրանց համար անսպասելի էր, հրավիրեցի, որ գան այս միջոցառմանը, տոնին»,- ասաց Պուտինը։
Նա մրցակից թեկնածուների և երգիչ Գրիգորի Լեպսի հետ կատարեց Ռուսաստանի պետական հիմնը։
ՌԴ նախագահ Պուտինն իր ելույթի ժամանակ խոստացավ, որ նոր շրջանները շարունակելու են իրենց ճանապարհը Ռուսաստանի հետ։
«Նոր շրջանների ճանապարհը դեպի հայրենիք ծանր էր, ողբերգական, բայց մենք արեցինք դա։ Եվ սա նույնպես մեծ իրադարձություն է մեր պետության պատմության մեջ։ Ահա այսպես միասին, ձեռք ձեռքի տված, առաջ կգնանք։ Եվ հենց դա է, որ ոչ թե խոսքով, այլ գործով մեզ իրապես ավելի ուժեղ է դարձնում»,- ասաց Պուտինը։
ՌԴ նախագահի ընտրությունների հիմնական քվեարկությունը տևել է երեք օր` մարտի 15-ին, 16-ին և 17-ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածու` Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը: ՌԴ ԿԸՀ-ի վերջին տվյալներով` արձանագրությունների99,72 տոկոսը մշակելուց հետո Պուտինը հավաքել է ձայների 87,3 տոկոսը, Խարիտոնովը` 4,3 տոկոսը, Դավանկովը` 3,83 տոկոսը, Սլուցկին` 3,21 տոկոսը: