ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. «Նեմեսիս» գործողության մասնակից, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրած Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը տեղադրվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։
Մարտի 15-ին տեղի է ունեցել հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառման ընթացքում ֆրանսահայ երեխաները երգել են «Գինի լից» երգը, պաստառներ պահել իրենց ձեռքերում, որոնցից մեկի վրա գրված էր` «Թեհլերյան արդարադատ»։
2017 թվականին Մարսելում հրապարակներից մեկը պաշտոնապես անվանվել է հայ վրիժառուի անունով։
Հիշեցնենք, որ Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1897 թվականին` Արևմտյան Հայաստանի Երզնկա գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը Անդրանիկ Օզանյանի գնդում։
1915 թվականին վերապրել է ցեղասպանությունը, 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում գնդակահարել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային։ Նույն տարվա հունիսի 2-ին Թեհլերյանին գերմանական դատարանն անպարտ է ճանաչել, ինչից հետո վերջինս մեկնել է Բելգրադ, ապա մի քանի տարի անց՝ ԱՄՆ։
1960 թվականին` 64 տարեկանում, Սողոմոն Թեհլիրյանը մահացել է Սան Ֆրանցիսկո քաղաքում, թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանատանը։