ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Մարտի 8–ի նախօրեին Կոմիտասի շուկայի վաճառողներին «անակնկալ» են արել` հայտնելով, որ պետք է ազատեն շուկայի տարածքը։ Աշխատողներն անելանելի վիճակում են հայտնվել, չգիտեն` ինչ անել, ուր գնալ։
«Եկան, ասեցին` վատ լուր. մինչև մարտի 15–ը պետք է ազատեք տարածքը։ Բոլորը խառնվեցին իրար, նոր ասացին` մի 25 օր ժամանակ ենք տալիս, ձեր ապրանքի ու ձեզ համար տեղ գտեք»,–Sputnik Արմենիային պատմում է շուկայի վաճառողներից Նունե Դեմիրճյանը։
Նրանք պահանջ– խնդրանք ունեն` մինչև տարվա վերջ ժամանակը երկարացնեն։ Ասում են` ցրտին կանգնել, սառել են, հիմա ցանկանում են գոնե սեզոնային մրգերն ու բանջարեղենը կարողալ վաճառել։
Կոմիտասի շուկայի աշխատողներից մեկը
© Sputnik / Aram Nersesyan
Վաճառողները շուկայում օրվա վճար են տալիս` 2000-3000 դրամ։ Սա այնքանով է ձեռնտու նրանց, որ հարկային դաշտի հետ կապ չունեն, իսկ խանութներում վաճառելու համար պետք է և՛ խանութին վարձավճար տան, և՛ ՊԵԿ–ին։
«էդ քանի՞ տոկոս օգուտ ունենք, որ 5 տոկոս տանք հարկայինին, 10 տոկոս տանք խանութի վարձ, մեզ աշխատացնում են «ռաբի» պես, ամբողջը տանք սրան– նրան։ Ո՞նց անենք, որտե՞ղ ծախենք»,–դժգոհում է մեկ այլ աշխատակից։
Կոմիտասի շուկայում շատերն իրենց ապրանքը վաճառում են արդեն 30-40 տարի, տարածքին սովորել են, ունեն իրենց մշտական հաճախորդները։ Նրանցից որոշները փորձել են տնօրենությունից հասկանալ` ինչ է լինելու շուկայի ճակատագիրը, նույնիսկ առաջարկել են` եթե վերանորոգվելու և կրկին շուկա է դառնալու, պատրաստ են ավել վճարել հետագայում, միայն թե շարունակեն իրենց գործը։ Սակայն նրանց այս պահի դրությամբ ոչինչ հայտնի չէ։
Կոմիտասի շուկա
© Sputnik / Aram Nersesyan
«Ապրելակերպ չունենք, սա էլ բռնեցին, փակեցին, ո՞նց ենք անելու, ո՞նց պետք ա ապրենք։ Դրա հետ միասին ասում են` տրանսպորտը կթանկացնեն, ոնց–որ սաղ–սաղ թաղեն»,–հավելում է տարեց վաճառողներից մեկը։
Կոմիտասի շուկա
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ Կոմիտասի շուկայում շուրջ 70 վաճառող կա. նրանց մի մասը գյուղից են բերում իրենց ապրանքը և վաճառում, մի մասն էլ վերավաճառողներ են։
Կոմիտասի շուկա
© Sputnik / Aram Nersesyan
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև շուկայի տնօրենության հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Կոմիտասի շուկա
© Sputnik / Aram Nersesyan
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Կոմիտասի շուկան գնել է «GTB Holding»-ը, որը նաև կառուցում է Արարատի մարզի մետաղագործական գործարանը։