ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Դատարանը 3 ամսով երկարաձգեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Դատական դեպարտամենտից։
Եղիշե Հակոբյանը համարվում է առանցքային մեղադրյալներից մեկը։
Նշենք, որ ըստ պաշտոնական վարկածի` հենց նա էր փորձել բենզինով թեժացնել վառարանը, ինչի պատճառով բռնկված հրդեհից 2023 թվականի հունվարի 19-ին 15 զինծառայող զոհվեց։
Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
Եղիշե Հակոբյանը կալանավորվել է 2023 թվականի մարտի 18-ին` 2 ամսով, հետագայում նրա կալանքի ժամկետը երկարացվել է։