Մեղրիի սահմանային անցակետի շինաշխատանքներն ընթանում են բնականոն հունով. ՊԵԿ

Մեղրի
Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման շինաշխատանքները սկսվել են 2023–ին ու կավարտվեն 2026 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և կապալառու «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերությունը Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքների ընթացքի մասին քննարկում են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման շինաշխատանքները մեկնարկել են 2023 թվականին և կավարտվեն 2026 թվականին։ Անցակետը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։

«Ընկերության տնօրեն Բեհզադ Էսլահչին հայտնել է, որ աշխատանքները բնականոն հունով են ընթանում։ Քննարկման ընթացքում ՊԵԿ ներկայացուցիչներն ընդգծել են նախագծի կարևորությունն ու տեխնիկական հարցերում երկկողմանի գործակցության անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Մեղրիի սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով պայմանագրով նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Անցակետը կունենա մուտքի և ելքի ուղղությամբ՝ տրանսպորտային միջոցների մանրամասն զննման, բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման և մաքսային ձևակերպումների մասնաշենքեր, ինչպես նաև մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակ, անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական հսկման կայան ու այլ ենթակառուցվածքներ:
Մուտքի և ելքի ուղղությամբ՝ յուրաքանչյուրում նախատեսվում է ունենալ 5 ուղեգիծ: Մեղրիի արդիականացված անցակետը հագեցված է լինելու նաև գերժամանակակից տարբեր սարքավորումներով, մասնավորապես, մարդատար տրանսպորտային միջոցների, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման, մարդկանց սքանավորման համար նախատեսված ռենտգենաճառագայթային, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով և այլն:
ՀՀ-ն ու Իրանն աշխատում են Արաքսի վրայով նոր կամրջի նախագծի վրա. փոխնախարարը մանրամասնում է