ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. «Ազգային առաջընթաց» խմբակցությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին, որպեսզի թույլ տան ավագանու նախկին անդամ Հայկ Մարությանին ելույթ ունենալ տրանսպորտի թանկացման առնչությամբ, սակայն մերժում են ստացել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում անցկացվող ավագանու նիստին զուգահեռ տեղի ունեցող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը (նրան օրերս զրկել են ավագանու անդամի մանդատից, – խմբ.)։
«ՏԻՄ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցության հրավերով կարող են մասնակցել և ելույթ ունենալ նաև այլ անձինք։ Հաշվի առնելով այն, որ այսօր քննարկվելու է տրանսպորտի գնի հարցը, մեր խմբակցությունը դիմել էր, որպեսզի ես մասնակցեմ ու ելույթ ունենամ։ Մերժել են։ Հիմնավորումը տարօրինակ է, նշել են` կա նոր փաստաթուղթ, կնքվել է քաղաքապետարանի աշխատակազմի և ՆԳՆ պետական պահպանության գլխավոր վարչության միջև։ Ըստ այդմ, ավագանու նիստերի ժամանակ բացի ավագանու անդամներից և կառույցի աշխատակիցներից, այլ անձ չի կարող ներս մտնել։ Սա ակնհայտ ապօրինություն է»,– նշեց Մարությանը։
Նա ընդգծեց, որ այդ կարգն ընդունվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալությունից մեկ օր առաջ։
Մարությանը փորձ արեց մուտք գործել Երևանի քաղաքապետարան, սակայն ներսից նրան հայտնեցին, որ չեն կարող թույլ տալ։
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանին փետրվարի 7-ին ավագանու մանդատից զրկել են 34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։