ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Չի բացառվում, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե ԵՄ անդամակցության հետ կապված ինչ հեռանկարներ կան, ու որքանով են ՀՀ իշխանությունները ցանկանում դառնալ ԵՄ անդամ։
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Եվրախորհրդարանում իր արած այն հայտարարությունը, որ ՀՀ–ն պատրաստ է ԵՄ–ին լինել այնքան մոտ, որքան ԵՄ–ն հնարավոր կհամարի։
«Սա ասվել է, հիմա մենք պետք է հասկանանք` ԵՄ–ն ինչքա՞ն մոտ կհամարի ու դրանից հետո միայն կանենք հետևություններ։ Այս փուլում մենք տեսնում ենք, որ ԵՄ–ի հետ մեր հարաբերությունները շատ ակտիվ են, և լավ է, որ ԵՄ–ն է ասում, որ ՀՀ–ի հետ հարաբերությունները երբեք այսքան խորը և ամուր չեն եղել»,– ասաց Փաշինյանը։
Նա հույս ունի, որ առաջիկայում կլինեն մի շարք որոշումներ, որոնք ԵՄ–ի հետ այդ ուժեղ հարաբերությունների արտահայտումը կլինեն։ Ըստ ՀՀ վարչապետի` այդ արտահայտումներից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը ՀՀ–ի և ԵՄ–ի միջև։
«Հաջորդը կարող է լինել ԵՄ–ի հետ առևտրային արտոնյալ պայմանների տրամադրումը ՀՀ–ում արտադրված ապրանքներին, ինչպես նաև ՀՀ–ի հետ տնտեսական կապերի խորացման ուղղությամբ արտոնությունները»,– ասաց Փաշինյանը։
Ըստ նրա` ԵՄ–ի հետ ՀՀ–ն ունի լայն օրակարգ, ու մեր երկիրը պատրաստ է այն ավելի խորացնել ու ընդլայնել։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվել էր 100 անձից բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ երկու տարի ժամկետով, որը վերահսկում էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Երրորդ երկրներից առաքելությանը միացել է Կանադան, հետաքրքրություն են ցուցաբերել նաև այլ երկրներ։
2023 թվականի սեպտեմբերին առաքելության շտաբը բացվել է Եղեգնաձորում։
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշում են ընդունել 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: