Աբովյան քաղաքում մի խումբ տղամարդիկ վարորդի են ծեծել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։
2024թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղևորափոխադրման հարցի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել ուղևորափոխադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների և Աբովյան համայնքի բնակիչ Վ.Մ.-ի միջև։ Դրանից հետո, երբ վերջինս իր վարած «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաք, վերը նշված աշխատակիցները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են նույն քաղաքի մեկ այլ բնակչին և հետապնդելով նույնպես ուղևորվել են քաղաք Աբովյան:
Ժամը 19:00-ի սահմաններում Վ.Մ.-ն ավտոմեքենան կայանել է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գործող հացատան դիմաց, որից հետո շուրջ մեկ տասնյակից ավելի անձինք ավտոմեքենաներով երկու կողմից փակել են Վ.Մ.-ի ավտոմեքենայի ճանապարհը:
Այնուհետև մոտենալով Վ.Մ.-ի ավտոմեքենային՝ բացել են դիմացի դռները, անջատել շարժիչը և, հայհոյանքներ հնչեցնելով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Վ.Մ.-ի մարմնի տարբեր հատվածներին, իսկ միջադեպի մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող «Baricat $17» տեսակի ատրճանակից մեկ կրակոց է արձակել Վ.Մ.-ի ուղղությամբ, սակայն վրիպել է:
Նախաքննության ընթացքում Վ.Մ.-ն ճանաչվել է տուժող և հարցաքննվել։
Զննվել է դեպքի վայրը, որտեղից վերցվել է տեսանկարահանող սարքի տեսաձայնագրությունը և ենթարկվել զննության, ինչի արդյունքներով պարզվել են ինչպես տուժողին ծեծի ենթարկած անձանց, այնպես էլ՝ նրա ուղղությամբ կրակոցներ արձակողի ինքնությունը։
«Mazda 3» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ դիմապակու վրա հայտնաբերվել են վնասվածքներ, ինչպես նաև վերցվել է մեկ կրակված պարկուճ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից մեկը կալանավորվել է։ Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ մյուսներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է: