Սիրիայից Հայաստան տեղափոխվելուց հետո ֆուդբլոգեր Շաղիկ Տեր–Վարդանյանը նկատեց, որ այստեղ ավելի քիչ են պատրաստում։ Եվ երբ ընկերներն ու հարազատները սկսեցին հորդորել բլոգ վարել, հասկացավ, որ կարող է ոգեշնչել կանանց և սովորեցնել հետաքրքիր ուտեստներ պատրաստել։
«Ուզում էի ոգեշնչել նրանց, ասել, որ կարող են աշխատել, ապրել իրենց կյանքով, բայց նաև պատրաստել։ Մեկը մյուսին ընդհանրապես չի խանգարում։ Այդպես սկսեցի ու կամաց–կամաց զարգացավ բլոգը», – ասաց Շաղիկը։
Նա նկատեց, որ երբեք չի պատրաստում միայն նկարելու համար։ Բլոգում տեղ են գտնում այն ուտեստները, որոնք պատրաստում է իր ընտանիքի համար։
Շաղիկը նկատեց, որ գրեթե խնդիր չի առաջանում նոր ուտեստներ պատրաստելու հետ, քանի որ կարողանում է նոր ճաշատեսակներ հորինել և համադրել ամենատարբեր համերը։
«Առաջին համտեսողը ամուսինս է։ Երբ նոր էինք ամուսնացել, մի օր աղն էի շատ անում, մի օր` կծուն, բայց նա միևնույնն է` ուտում էր, որ չնեղացնի ինձ։ Այսօր արդեն համտեսողների խմբում են նաև աղջիկներս», - նշեց բլոգերը։
Շաղիկը նաև պատմել է, թե ինչ փոփոխություններ է նկատել Հայաստանի սպասարկման ոլորտում 12 տարիների ընթացքում։ Խոսել է աշխատանքն ու ընտանիքը համատեղելու, նոր ուտեստներ պատրաստելու, սիրելի համեմունքների մասին։ Նա նաև հեշտ պատրաստվող աղցանի բաղադրատոմս է խորհուրդ տվել, որը տղամարդիկ կարող են պատրաստել իրենց կանանց համար։
Ավելի մանրամասն` տեսանյութում։