Կյանքը փոխվել է, բայց առօրյան` ոչ
Արդեն գրեթե մեկ ամիս է` ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանի կյանքը «խառնվել» է։ Շնորհավորանքների, նամակների, զանգերի, հարցազրույցների պակաս չկա։ 19-ամյա մարզիկի համար այս ամենն անսպասելի էր, բայց հաճելի։
«Հեչ բան հեշտ չի տրվի, նույնն էլ չեմպիոնությունը, շատ կհոգնեցնե, բայց մենք արդեն երկրի մարդ ենք, բիդի գան էլ, նկարվին էլ, կսովորինք կամաց–կամաց»։
Ալեքսանդրան, սակայն, աստղային հիվանդությունից չի վախենում։ Վստահեցնում է` իրեն ոչ մի մեդալ չի կարող փոխել։
Չեմպիոն դառնալուց հետո մարզիկի առօրյան չի փոխվել։ Էլի առավոտյան շատ շուտ է արթնանում, լավ նախաճաշում է ու պատրաստվում մարզումների։ Այլ բանով զբաղվելու ժամանակ գրեթե չի մնում։ Ասում է` եթե լիներ, երևի կպարեր կամ գուցե երգեր։
Իմ ուժն իմ ոտքերում է
Ալեքսանդրան աղջիկների համար ոչ այնքան «հարմար» մարզաձևն ընտրել է առանց երկար մտածելու։ Պարզապես հետևել է մեծ քրոջն ու փորձել է կրկնել նրա արածը։ Մարզիչները միանգամից նկատել են աղջկա տաղանդն ու հնարավորությունները և սկսել են պարապել նրա հետ։ Ընդամենը մի քանի տարի անց արդյունքը երևացել է։
Դեռ մանկուց Ալեքսանդրային ասել ենք` քո ուժը քո ոտքերում է։ Կեսկատակ–կեսլուրջ ասում է` այս ոտքերով ինչքան ուզեմ, այնքան կբարձրացնեմ։
«Հեչ կապ չունի` ձողն ինչքան է կշռում, մեկ է` նույն ձև բարձրացնելու եմ»,– ծիծաղում է նա։
Նոր, բայց արդեն խոստումնալից կարիերայում բեկումնային է եղել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի հետ հանդիպումը։
«Ինքը սովորացրեց, որ կամքի ուժ պետք է ունենանք ու մտածենք, որ անհնարին ոչինչ չկա։ Կուզենայի` Հռիփսիմեի նման կամքի ուժ ունենայի... Ունեմ, բայց իրանը լրիվ ուրիշ է»։
Ծանրորդը շատ կուզեր նաև օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի հետ շփվելու հնարավորություն ունենար։
«Ես իրան կհարցնեի, թե ի՞նչխ է էրել, որ դարձել է ամենահզորը, ի՞նչխ փոխեմ հոգեբանությունս, երևի կսորվեցներ էլի»,– ժպտալով ասում է Եվրոպայի չեմպիոնը։
Ալեքսանդրա Գրիգորյան
© Sputnik / Aram Nersesyan
Ուտեստներ պատրաստում է, բայց ընտանիք կազմելու համար դեռ շատ շուտ է
Պարապմունքներից հետո, երբ երեկոյան տանն է լինում, Ալեքսանդրան փորձում է մայրիկի կողքին շատ լինել ու խոհանոցում ինչ–որ բաներ պատրաստել։ Խոստովանում է, որ դեռ շատ բան չի ստացվում, բայց համոզված է` քիչ–քիչ կսովորի։
«Դե վերջը մենք էլ մեր տունը հետո պտի ունենանք, հո ինքը չի գա, սարքի (ծիծաղում է)։ Արդեն խմորեղեն եմ փորձել սարքել, բայց դեռ մամայի օգնությամբ։ Երևի դրա համար էր, որ բոլորը գոհ էին։ Որ մենակ սարքեի, հաստատ չէին կռնա ուտեին»։
Իր ամենամեծ թերությունը Ալեքսանդրան համարում է անվստահությունը։ Ասում է` երբեմն խանգարում է, երբ չես հավատում ուժերիդ։ Ըստ նրա` հենց դա պատճառ դարձավ, որ 2021 թ.–ին ձախողեց Եվրոպայի պատանիների առաջնությունը` ստանալով 0 միավոր, բայց դա լավ դաս եղավ։ Հաջորդ տարի նույն մրցման ընթացքում նույն քաշային կարգում 17–ամյա ծանրորդը դարձավ չեմպիոն։
Իսկ ազա՞տ է արդյոք Եվրոպայի չեմպիոնի սիրտը։ Ալեքսանդրան կտրուկ պատասխանում է` բնականաբար։
«Ըդիք սպորտին էլ կխանգարե, որդև կռնաս մենակ իրան ուշադրություն դարձնես, չկարողանաս կենտրոնանալ։ Դրա համար ազատ է, ու չեմ էլ ուզի` ինչ–որ մեկը մտնի»,– ծիծաղում է նա։
Եթե կյանքը նորից սկսեր, պնդում է` ոչինչ չէր փոխի` անգամ որոշ ձախողումներն ու անհաջողությունները հաշվի առնելով. «Ամեն ինչ շա՜տ լավ է գնում»։
Ալեքսանդրա Գրիգորյան
© Sputnik / Aram Nersesyan