ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության դիմաց` պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիների ակցիան կառավարության շենքի մոտ
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ կառավարությունից նրանց հայտնել են, որ հանդիպում տեղի չի ունենա, իսկ արցախցիներն ի պատասխան զգուշացնում են` իրենց խնդիրը չլուծվելու դեպքում նստացույց կանեն։
Նրանք ֆինանսական խնդիրներ ունեն, որոնք հիմնականում պայմանավորված են հայաստանյան բանկերի հետ. շատ բանկեր տարբեր պատճառաբանություններով մերժում են նրանց` հրաժարվելով գործարք կատարել, որոշ դեպքերում էլ ներկայացնելով կոնկրետ պայմաններ ու սահմանափակումներ։
Ակցիայի մասնակից Նաիրա Բեգոյանը նշեց, որ իր ընտանիքը ոչ մի կերպ չի կարողանում բնակարան ձեռք բերել։
Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիների ակցիան կառավարության շենքի մոտ
© Sputnik / Asatur Yesayants
«Ունեմ պետության կողմից տրված բնակարանի գնամ սերտիֆիկատ` ընտանիքի յուրաքանչյուր անձի համար 10 մլն դրամ արժողությամբ։ Սերտիֆիկատի ժամկետը լրանում է 3 ամսից, բայց բանկերը կա՛մ հրաժարվում են ֆինանսավորել մեզ, կա՛մ գտած բնակարանը ոչ պատշաճ գնով են գնահատում։ Արդյունքում բնակարանի գինն ավելի թանկ է ստացվում, քան բանկի առաջարկած գումարը»,– ասաց նա։
Այս նույն կարգավիճակում է շուրջ 1700 արցախցի ընտանիք, որոնք 2020 թվականից մինչ օրս չեն կարողանում բնակարան գնել ՀՀ–ում։