Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ՌԴ սահմանապահների վերաբերյալ

ՌԴ դիվանագետը մեկնաբանել է «Զվարթնոց» օդանավակայանի վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի ղեկավարի հայտարարությունը:
Sputnik
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն անվանել է «ոչ բարեկամական պահվածքի օրինակ»:
Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է դադարեցնեն ծառայություն իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
«Մենք սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ներկայացուցիչների ոչ բարեկամական պահվածքի հերթական օրինակ։ Ճիշտ է՝ այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի խոսնակը պատասխանատու իր բարձրացրած հարցի համար։ Մենք Հայաստանի իշխանություններից այդ կապակցությամբ ոչ մի դիմում չենք ստացել»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվայում հասկանում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված պատմությունը բխում է «ռուսաստանցի Դմիտրի Սետրակովի շուրջ ավելի վաղ տարածված զրպարտանքներից»:
«Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այս համատեքստում Ռուսաստանի ներկայացուցիչները ոչ մի հակաիրավական գործողություն չեն իրականացրել։ Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»,- հավաստիացրել է ՌԴ դիվանագետը։
Ռուսաստանցի Դմիտրի Սետրակովը նախորդ տարի զինակոչվել էր ՌԴ–ում, սակայն որոշ ժամանակ անց լքել էր զորամասը և եկել Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների կողմից նրան ձերբակալելու և հետագայում արտահանձնելու մասին լուրերից հետո որոշ հասարակական և քաղաքական շրջանակներ հայ իրավապահներին մեղադրեցին անգործության մեջ:
ՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկալացիա թույլ չտալու գործում. դեսպան
ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին՝ Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին 1992թ.-ի սեպտեմբերի 30-ին Երևանում կնքված միջպետական պայմանագրի համաձայն: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին անցակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: