Երբևէ մտածե՞լ եք՝ ովքեր են ՀՀ կառավարության շենքի գեղեցիկ զարդաքանդակները ստեղծող վարպետները։ Նրանցից ամենահայտնին վարպետ Մեհրաբն է՝ Մեհրաբ Միրզախանյանը, որի մասին ժամանակին պատմում էին խորհրդային թերթերը, ֆիլմ էր նկարահանել «Երևան» կինոստուդիան, իսկ Վարդգես Պետրոսյանը պատմվածք էր գրել՝ «Վարպետ Մեհրաբը», մարշալ Հովհաննես Բաղրամյանն էլ անձամբ ծանոթանալու էր եկել։ Տարիներ առաջ նրա տունը Վանաձորի զբոսաշրջային երթուղիների պարտադիր կանգառներից էր, իսկ այսօր անգամ հարազատ քաղաքում, ցավոք, երիտասարդների մեծ մասը նրա մասին չի էլ լսել, թեպետ «Վարպետ Մեհրաբի տունը» նախորդ տարի տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է ստացել։
Վարպետի տունը գտնվում է Վանաձորի Աբովյան 4 հասցեում, դրսից թանգարանի, մշակութային կարևոր կառույցի տպավորություն է թողնում, անհնար է անտարբեր անցնել կողքով․ տան արտաքին պատերն ամբողջովին զարդարված են որմնաքանդակներով ու զարդաքանդակներով։
Վարպետ Մեհրաբի տունը
© Sputnik / Aram Nersesyan
Այս տունը կառուցվել է 1950 թվականին, սակայն ամենատպավորիչ որմնաքանդակներն ավելի հին են՝ 1931-ի (քարերը համարակալել են, տեղափոխել նախորդ տնից)։
Տանը մինչև այսօր ապրում են վարպետ Մեհրաբի ժառանգները։ Թոռներից մեկի կինը՝ Զարիկ Ռամազյանը, խնամքով հավաքել է Մեհրաբ պապի մասին պատմող թերթերը, արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր։
«7-րդ դասարանում էի, Վարդգես Պետրոսյանի գիրքն էի կարդում, գրած էր «վարպետ Մեհրաբ», չէի մտածում, որ տարիներ անց էդ տուն հարս եմ գնալու։ Հիմա ամուսինս տանը ոչինչ փոխել չի թողնում, ասում է՝ պապի սարքած–դրածն է»,- ասում է տիկին Զարիկը։
Զարիկ Ռամազյան
© Sputnik / Aram Nersesyan
Լուսանկարների տրցակից դուրս է բերում խունացած, մաշված փոքրիկ լուսանկար, ասում եմ՝ Մեհրաբ պապն է առաջին կնոջ հետ։
Մեհրաբ պապն առաջին կնոջ հետ
© Sputnik / Aram Nersesyan
Այն, որ Մեհրաբ Միրզախանյանը նախկինում այլ կին է ունեցել, տարիներ առաջ են իմացել։ Մի անծանոթ է լուսանկարը բերել, Միրզախանյաններին հանձնել, այդ ժամանակ էլ վերջապես հասկացել են որմնաքանդակի անծանոթուհու գաղտնիքը։
«Մեկը իր մայրն է, մյուս՝ հայրը, էն մյուսի համար միշտ ասում էինք՝ Մեհրաբ պապն աղջիկ չի ունեցել, իր պատկերացրածով աղջկան է քանդակել, պարզվեց՝ առաջին կինն է, որին թուրքերը սպանել են, երբ Ղարաքիլիսա են մտել։ Հետո ասում են, որ էդ աղջկա մաման էնքան է իր փեսային սիրել, որ հարևանի աղջկան սաբաբ է (միջնորդ) լինում, էդպես Սաթո տատի հետ է ամուսնանում»,- պատմում է տիկին Զարիկը։
Վարպետ Մեհրաբը ծնվել է 1894 թվականին Քարաբերդ գյուղում։ 11 տարեկանում հայրը նրան արհեստ սովորելու է ուղարկել Բաքու, այստեղ նա քարտաշ վարպետի է աշակերտել, հմտացել իր գործում, վերադարձել։ Մինչ այդ, ասում են, Բաքվում տարբեր շինությունների քանդակազարդման աշխատանքներ է արել, հետո արդեն Հայաստանում բնակելի շենքերի, դպրոցների, տարբեր կառույցների, հուշարձանների վրա աշխատել որպես շինարար, քանդակագործ, քարտաշ վարպետ։ Նրա համբավն այնքան է մեծացել, որ երբ սկսել են Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցել Երևանը, վարպետ Մեհրաբին հրավիրել են Թամանյանի էսքիզների վրա հեղինակելու կառավարական տան և Օպերայի և բալետի թատրոնի զարդաքանդակները։ Մեհրաբ Միրզախանյանն է նաև Լենինի արձանի պատվանդանի զարդաքանդակների հեղինակը։
Միրազախանյանների արխիվում մի լուսանկար կա, որն առանձնահատուկ խնամքով են պահում՝ մարշալ Բաղրամյանի ու վարպետ Մեհրաբի հանդիպումը Վանաձորում` Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի մոտ, որի քանդակների հեղինակը կրկին Մեհրաբն էր։
Մարշալ Բաղրամյանն ու վարպետ Մեհրաբը
© Sputnik / Aram Nersesyan
«Երբ Բաղրամյանը եկել էր, տեսել կոթողը, մարդ էր ուղարկել վարպետ Մեհրաբանց տուն, նրան մեքենայով տարել էին հուշարձան, Բաղրամյանը շատ-շատ շնորհակալություն էր հայտնել, ասել, որ ոսկի ձեռքեր ունի։ Հետո ձեռքը բռնել էր, ուզել էր համբուրել, բայց պապն ասել էր՝ դու շատ մեծ մարդ ես, ես լավ չեմ զգա, որ իմ ձեռքը համբուրես։ Պապիկը շատ հուզված եկել էր, ուրախությունից ոնց որ յոթերորդ երկնքում լիներ»,- մեծերից լսած պատմությունը վերապատմում է տիկին Զարիկը։
Նա աշխատել է գրեթե 60 տարի, թոշակի անցնելուց հետո էլ սկսել է հուշաղբյուրներ կառուցել։ Ասում են՝ 40 աղբյուր է կառուցել Հայաստանի տարբեր հատվածներում, նա է Պուշկինի լեռնանցքում տեղադրված հայտնի հուշաղբյուրի քանդակների հեղինակը։ Հուշաղբյուրը նվիրված է պատմական այն դրվագին, երբ լեռնանցքում Ալեքսանդր Պուշկինը Հայաստանից Կարս մեկնելու ճանապարհին տեսավ այն սայլը, որով տեղափոխում էին Թեհրանում սպանված Ալեքսանդր Գրիբոյեդովի մարմինը։ Տարբեր տեղանքներում կառուցված աղբյուրներն այդպես էլ կոչվել են՝ «Մեհրաբի աղբյուր»։
Մեհրաբ Միրզախանյանը հաջողություններով լի կյանք է ունեցել (նաև Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր ընտրվել), բայց և բազմաթիվ դժբախտությունների հանդիպել` տեսել է 4 որդիներից 3-ի մահը։ Վարպետ Մեհրաբը մահացել է 1979 թվականին 85 տարեկանում։
Ժառանգները հույս ունեն, որ նրա անունը կրկին հայտնի կդառնա, երիտասարդները կճանաչեն վարպետ Մեհրաբին, իսկ Վանաձոր եկող զբոսաշրջիկներից ոչ մեկը քաղաքից չի հեռանա, մինչև չտեսնի նրա տան շքեղ զարդաքանդակները։