Սպորտի վարպետ Հովհաննես Ավագյանը, ի տարբերություն շատ տղաների, երբեք չի երազել տիեզերագնաց դառնալու մասին, սակայն ճակատագիրը որոշել է, որ հենց նա պետք է շարունակի Ալեքսանդր Քեմուրջյանի «տիեզերական ավանդույթները»։
Հովհաննեսն ընդգրկվել է Ավստրիական տիեզերական գործակալության կողմից իրականացվող Մարս մոլորակի գիտահետազոտական աշխատանքներում և Հայաստանում մարզելու է 6 տիեզերագնացի։
«Ավստրիական տիեզերական գործակալությունը 2024 թվականին իր գիտական հետազոտություններն անելու է Հայաստանում։ Նրանք մարտին կգան, կիզոլացվեն անալոգային տիեզերագնացները և կփորձեն անել այն փորձերը, որոնք պետք է անեն Մարսի վրա», - «Առանց տաբուների» հաղորդաշարի եթերում պատմեց նա։
Հովհաննեսը ծրագրում ներառվել է որպես տիեզերագնացների սննդակարգի կազմման և մարզումների պատասխանատու։ Իսկ գտել են նրան ԲՏԱ նախարարության միջոցով, որին Հովհաննեսը տարիներ առաջ ներկայացրել է իր սննդային բատոնի բաղադրատոմսը։
Երբ նրան տեղեկացրել են հնարավոր համագործակցության մասին, մարզիչը մտածել է` կատակում են և հիշել է սոցկայքերում տարածված հումորային ձայնագրությունը, որով առաջարկում էին տիեզերք թռչել «Սուրմալուից»։
«Կինս էլ մտածեց` հումոր է։ Երբ աշխատում էի բատոնի պրոյեկտի վրա, անհավատալի էր. միայն ես էի հավատում դրան», - հիշեց նա։
Հովաննեսը նշեց, որ այժմ նաև աշխատում է տիեզերագնացների համար մսային ուտեսների պատրաստման և ֆիլմային փաթեթավորմամբ ներկայացման վրա։ Ի դեպ, նա տիեզերական միջուտեստները ևս հայաֆիկացրել է։
«Պատրաստելու համար օգտագործել ենք հայկական բաղադրիչներ` ծիրանի և խաղողի կորիզի յուղ։ Իսկ շաքարի փոխարեն օգտագործել ենք Մեղրիում աճող մեղրախոտը»,– նշեց նա։
Սպորտի վարպետը նաև խոսել է տիեզերագնացների մարզումային ծրագրի, սննդակարգի առանձնահատկությունների մասին։ Նա նաևխորհուրդներ է տվել սպորտով զբաղվողներին։ Ավելի մանրամասն` տեսանյութում։