ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ֆրանսիայի պանթեոնում մասնակցում է ֆրանսիական դիմադրության հերոս, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի վերահուղարկավորման հանդիսավոր արարողությանը: Ներկա են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` տիկնոջ հետ, բարձրաստիճան պաշտոնյաներ։
Արարողության ժամանակ մասնակիցներն ընթերցեցին Միսաք Մանուշյանի վերջին նամակն իր տիկնոջը։
«...Որպես կամավոր զինվոր ես միացել էի Ազատության բանակին և հիմա մեռնում եմ հաղթանակի և վերջնանպատակի սահմանագծին: Երջանկությու՛ն նրանց, ովքեր կվերապրեն մեզ և կհամտեսեն վաղվա ազատության և Խաղաղության քաղցրությունը: Ես համոզված եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և Ազատության բոլոր մարտիկները կհարգեն մեր հիշատակն արժանապատվորեն: Մահվանս շեմին ես հայտարարում եմ, որ բացարձակապես ատելություն չեմ զգում ո՛չ գերմանացի ժողովրդի, ո՛չ որևէ մեկի հանդեպ. յուրաքանչյուրը կստանա այն, ինչին կարժանանա՝ որպես պատիժ և որպես պարգև...»:
Նամակն ընթերցելուց հետո ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը հնչեցրեց Դիմադրության հերոսների անունները, յուրաքանչյուր անունից հետո մանկական երգչախումբը բացականչում էր. «Նրանք զոհվեցին Ֆրանսիայի համար»։
Էմանուել Մակրոնը իր խոսքում նշել է, որ Միսաք Մանուշյանն ազատ էր, երբ քայլում էր փողոցում և անցնում այս պանթեոնի կողքով։ «Նա պատկերացնում էր, թե ինչպիսին կլիներ իր սիրելի Հայաստանը։ Մանուշյանն իրեն անվանում էր «ցասումով լի վագր», երբ ձերբակալեցին, բայց Մելինեն իր հետ էր բոլոր ոդիսականներում և ապրեցնում էր իրեն: Վերջնական, մշտական ընտրությունն ազատությունն էր: Ընտրեց ընդհատակյա կյանքը, որ ֆրանսիացին ոչինչ չկորցնի իր ազատությունից՝ մշտապես լինելով ազատության արբեցած զինվորը»,- ասել է Մակրոնը` ավելացնելով, որ այսօր կա Ֆրանսիա, որը երախտապարտ է նրանց:
Վերահուղարկավորման հանդիսավոր արարողությանը հնչում է հայկական դուդուկ։