Երևանաբնակ Կամոն ու Տաթևիկը տարիներ առաջ նոր տուն էին տեղափոխվել ու պատի ժամացույց էին փնտրում։ Իրենց փնտրածն այդպես էլ չգտան։ Այդ ժամանակ Կամո Ավետիսյանը հիշեց փայտագործ մորական պապից սովորած հմտությունները, առաջարկեց՝ իրենց երազանքների ժամացույցը հենց ինքը պատրաստի։ Այնքան լավ ստացվեց, որ հյուրերից որևէ մեկն անտարբեր չէր մնում, հարցնում էին՝ որտեղի՞ց է, ուզում էին այդպիսի ժամացույց ունենալ։
Այդ ժամանակ էլ միտք ծագեց, որ հոբբին կարող է բիզնես դառնալ։ Գործին միացավ Կամոյի քույրը՝ Տաթևիկը, քույր ու եղբայր խելք խելքի տվեցին և ժամացույցների արտադրության նոր բրենդ հիմնեցին։
Ժամացույցների դիզայնը հենց իրենք են մշակում, չեն կրկնօրինակում, նեղսրտում են, երբ իրենց ստեղծածներն են կրկնօրինակվում։ Պատրաստման համար օգտագործում են հաճարենու և ընկուզենու փայտ ու մետաղ։ Արժեքները տատանվում են 15-200 հազար դրամի սահմաններում։
Ապագայի համար մեծ նպատակներ ունեն․ առայժմ ցանկանում են արտադրամասը մեծացնել, իսկ հետո` ժամացույցի գործարան բացել։