«Ամերիաբանկը» հաստատում է` «Վրաստանի բանկի» հետ գործարք է կնքվել

«Ամերիաբանկի» տարբերանշանը
Գործարքի վերջնական հաստատումից հետո «Ամերիաբանկը» կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր ապրանքանիշի ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. «Ամերիաբանկը» հաստատում է, որ իր բաժնետոմսերը կգնի «Վրաստանի բանկը»` Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված «Bank of Georgia Group»-ը։
«Վրաստանի բանկ» ընկերության մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Bank of Georgia Group PLC»–ը 303,6 մլն դոլարով կգնի «Ամերիաբանկը»"
Ըստ «Ամերիաբանկի» հաղորդագրության` գործարքի համաձայն` խումբը կդառնա «Ամերիաբանկի» հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։
Ֆինանսական ծառայությունները վերահսկող բրիտանական մարմինը (Financial Conduct Authority, FCA) արդեն հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը։ Գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների, այդ թվում`ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
«Գործարքի վերջնական հաստատումից հետո «Ամերիաբանկը»` որպես խմբի ինքնուրույն լիիրավ և լիարժեք իրավունակությամբ ընկերություն, կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
«Bank of Georgia Group»–ի բաժնետերերի ցանկում են աշխարհի խոշորագույն ֆինանսական ընկերություններից «JP Morgan»-ը, «BlackRock»-ը, «Vanguard Group»-ը, «Schroders»-ը, «Norges Bank Investment Management»-ը և այլն:
Հիշեցնենք, որ այժմ «Ամերիաբանկի» բաժնետերերն են «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%–ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաև «ESPS Group»–ը, որում ընդգրկված են «Ameria Group»–ի մի շարք մենեջերներ (12,05%):
2023 թ. տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկի» ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին առաջատարին դիրքերը զիջել է «Արդշինբանկին»: