Ռուսաստանում կա մետրոյի կայարան, որն ավելի հաճելի վայր է, քան ԱՄՆ-ում ցանկացած բան։ Այս հայտարարությունն արել է ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը սոցիալական ցանցերում հրապարակած իր տեսանյութում։
Թաքեր Կառլսոնը, որը վերջերս էր այցելել Մոսկվա և հարցազրույց վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, սկսել է «ճամփորդական նոթեր» հրապարակել ՌԴ կատարած իր 8-օրյա այցի մասին: Մոսկվայի մետրոյի «Կիևսկայա» կայարանի մասին նրա առաջին տեսանյութը X-ի էջում արդեն ավելի քան 6 միլիոն դիտում ունի, Youtube-ում և այլ հարթակներում նմանատիպ տեսահոլովակները նույնպես գրավել են բազմաթիվ օգտատերերի ուշադրությունը։
Կառլսոնը խոստովանել է, որ ցնցված է տեսածից։ Նա ընդգծել է, որ, ի տարբերություն ամերիկյան մետրոյի, ինքը Մոսկվայում աղբ, գրաֆիտի, անօթևաններ, թմրամոլներ չի տեսել։ Լրագրողի ուշադրությունից չի վրիպել 70 տարի առաջ կառուցված կայարանի մաքրությունը։
«Այդ ինչպե՞ս է, որ Ռուսաստանում, այն երկրում, որն անվանում եք միջուկային զենքով բենզալցակայան, կա մետրոյի կայարան, որը սովորական մարդիկ օգտագործում են ամեն օր աշխատանքի գնալու և տուն հասնելու համար, և որն ավելի հաճելի է, քան մեր երկրում որևէ բան», - հռետորական հարց է տալիս Կառլսոնը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ սա Ստալինի գովքը չէ, որն ակնհայտորեն վատ մարդ էր, ոչ էլ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի գովքը, որին շատերը կարող են չհամակրել։ «Բայց դա չի հերքում իրականությունը»,– ամփոփել է ամերիկացի լրագրողը։
Հիշեցնենք, որ Պուտինի հետ հարցազրույցը տևել է 2 ժամ 6 րոպե։ Այդ ընթացքում Ռուսաստանի ղեկավարը պատասխանել է մոտ 60 հարցի՝ հաշվի առնելով զրուցակցի տարաբնույթ ճշտումները:
Դուբայում ընթացող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի ժամանակ Կառլսոնը խոստովանել է, որ Պուտինն իրեն տպավորել է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի առանձնահատկություններին, ապա, ըստ լրագրողի, ՌԴ–ն լեզվական, մշակութային, կրոնական առումով «ահավոր» բազմակողմանի երկիր է։ Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նա անվանել է «խելքը թռցրած, ոչ կոմպետենտ նախագահ»։