Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ըմբիշներից 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաղթեց բոլոր մրցակիցներին և վաղը կգոտեմարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում։
Առաջնության մեկնարկային գոտեմարտում մեր ըմբիշը թուրք Բատուլա Կայիսդագին ժամանակից շուտ հաղթեց 9։1 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Արթուրի մրցակիցը Նիդեռլանդների ներկայացուցիչ Տիրոն Ստեռկենբուրգն էր։ Առաջին մրցափուլում մրցակցին հաջողվեց 3 միավորի առավելություն ստանալ։ Երկրորդ մրցափուլում պարտերից գրոհելու հնարավորություն ստացավ արդեն հայ ըմբիշը, ու հաշիվը դարձավ 7։3 Ալեքսանյանի օգտին։ Գոտեմարտի վերջնամասում էլ վաստակելով ևս մեկ միավոր` նա հաղթեց 8։3 հաշվով։
Կիսաեզրափակիչում Արթուրի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Աբուբակար Խասլանխանովն էր։ Առաջին մրցափուլում մեր ըմբիշը 5 միավորի առավելություն ապահովեց։ Երկրորդ մրցափուլում մրցակիցը ստացավ գրոհելու հնարավորություն, բայց ոչ մի հնարք չկարողացավ իրականացնել։ Արթուրը հաղթանակի հասավ 5։1 հաշվով։
Այսօր Եվրոպայի առաջնության եզրափակիչում գոտեմարտելու է 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 55-կգ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար։