Բագրատաշենի անցակետում 7633 կգ չհայտարարագրված հագուստ է հայտնաբերվել

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել։
Sputnik
Մաքսային ծառայողները ուսումնասիրություն են անցկացրել Բագրատաշենի անցակետում և 7633 կգ չհայտարարագրված հագուստ հայտնաբերել 3 բեռնատարում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Նշվում է, որ այս տրանսպորտային միջոցներն ուղարկվել են անգար` խորը զննման, որի արդյունքում պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկությունը ճշգրիտ չէ։
«Տրանսպորտային միջոցներից մեկում մաքսային ծառայողները հայտնաբերել են 5 029 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված նոր հագուստ: Մյուս բեռնատարի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է 1328 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված նոր հագուստ։ Երրորդ բեռնատարի տրանսպորտային միջոցի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է 1276 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված նոր հագուստ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ։
ՊԵԿ–ը խստացնում է ԵԱՏՄ–ից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների հայտարարագրման կանոնները