ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ մշակութային վայրերը լավագույն վայրերը չեն հուղարկավորություն կազմակերպելու համար։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում` ի պատասխան հարցին, թե ինչու Գագիկ Գինոսյանի հուղարկավորությունը չի կազմակերպվել Օպերայում։
Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նախաձեռնություն էր սկսվել` օգտատերերը ՀՀ կառավարությունից պահանջում էին, որ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում կամ Եռաբլուրում։
«Ես գտնում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել, ամենայն հարգանքով ցանկացած գործչի նկատմամբ, սա կապ չունի որևէ անձի հետ, ես չեմ գտնում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար»,- ասաց Անդրեասյանը։
Հիշեցնենք` պարուսույց, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին սրտի կաթվածից։ Նրան վերջին հրաժեշտը կտան Կամերային երաժշտության տանը, կհուղարկավորվի Եռաբլուրում։