ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագծին կողմ քվեարկեցին պատգամավորներից 63–ը, դեմ` 32–ը, իսկ ձեռնպահ` 1-ը։
Այս նախագծով առաջարկվում է բռնությունից պաշտպանել այն զուգընկերներին, որոնք ամուսնացած չեն, սակայն նշանված են կամ հանդիպում են։ Օրինագիծը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ փաթեթում կետ կա կուսության ստուգումն արգելելու մասին։ Պատգամավոր կանայք նաև առաջարկում են փաթեթում ներմուծել «զուգընկեր» հասկացությունը, որով, ըստ որոշ քաղաքացիների, քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։
Ընդդիմությունը պահանջում է հստակ ձևակերպել, որ զուգընկերները կինն ու տղամարդն են, իշխանության ներկայացուցիչները հակադրվում են` ՀՀ օրենքներով ու Սահմանադրությամբ նման հստակ ձևակերպում չկա։