ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպք է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքերը բացահայտվել են 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում։
«Դեպքերից մեկը եղել է հունվարի 15-ին՝ Իրանից Հայաստան ցեմենտ տեղափոխած բեռնատարում։ Մաքսային ծառայողները զննել են բեռնատարը, ինչից հետո կիսակցորդի կողային ալյումինե պրոֆիլների մեջ 2500 տուփ ծխախոտ է հայտնաբերվել։ Մեկ այլ դեպքով, հունվարի 21-ին Իրանից Հայաստան մետաղական արտադրանքներ տեղափոխած վրացական հաշվառման բեռնատարն է զննության ենթարկվել։ Կիսակցորդի գաղտնարանից և առջևի պատին ամրացված լամինատե շերտի տակից հայտնաբերվել է 1900 տուփ ծխախոտ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 2023 թվականի ընթացքում Մեղրիի մաքսակետի աշխատակիցները 117 դեպք են հայտնաբերել, երբ թաքցնելու կամ չհայտարարգրելու եղանակով Իրանից ապօրինի ներմուծվել է ընդհանուր 56 հազար 795 տուփ ծխախոտ։ Բացի այդ՝ 4 դեպքով էլ հայտնաբերվել է Հայաստանից Իրան արտահանվող 4950 տուփ տաքացվող ծխախոտի գլանակ և 50 հատ տաքացվող ծխախոտի էլեկտրական սարք։
Վերոնշյալ դեպքերով հարուցվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթներ ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխումը մաքսային հսկողությունից թաքցնելը և Ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը հոդվածների հատկանիշներով։
Իրանից Հայաստան ծխախոտ ապօրինի տեղափոխելու համար օգտագործվում են օրինական գործունեությամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների կողմից ներմուծվող բեռները, ինչպես նաև ֆիզիկական անձինք երբեմն ծխախոտը թաքցնում են իրենց մարմնի վրա և ուղեկցող ուղեբեռում։
ՊԵԿ-ը հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ նմանատիպ հնարքների կիրառումից և ապրանքները տեղափոխել բացառապես օրինական ճանապարհով: