Սենատի կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ թույլ կտա F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային

Սենատի կոմիտեի ղեկավարը նշել է, որ Անկարայի հետ զենքի գործարքի վերաբերյալ որոշումն իրեն հեշտ չի տրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինը (դեմոկրատ) հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունել է Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը և նշել, որ այժմ թույլ կտա Անկարային F-16 կործանիչների վաճառքը:
Հունվարի 24-ին Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման օգտին: Հունվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի կողմից Շվեդիայի անդամակցությունը դաշինքին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Կոնգրեսի առանցքային կոմիտեների առաջնորդներին՝ տեղեկացնելով նրանց Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքը սկսելու մտադրության մասին: Բայդենը Կոնգրեսին կոչ է արել «առանց հապաղելու» հաստատել վաճառքը:
Թուրքիայի քայլը կմեծացնի անկայունությունը․ փորձագետը` Շվեդիայի հետ կապված որոշման մասին
«Երախտագիտություն եմ հայտնում Թուրքիայի խորհրդարանին՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության հաստատման օգտին կարևոր քվեարկության համար, իսկ նախագահ Էրդողանին՝ այն ստորագրելու համար։ Շվեդիան արդեն վաղուց համապատասխանում է բոլոր պահանջներին, որոնք անհրաժեշտ են Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար, և այդ քայլը զգալի առաջընթաց է ներկայացնում մեր եվրաատլանտյան համայնքի ամրապնդման գործում», - նշված է Քարդինի հայտարարության մեջ:
Կոմիտեի ղեկավարը նշել է, որ F-16 ինքնաթիռներ գնելու` Թուրքիայի խնդրանքին հավանություն տալը կախված էր Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հավանությունից:
«Բայց մի խաբվեք. այդ որոշմանը հեշտ չեմ եկել։ Թեև Թուրքիան կարևոր դեր է խաղում տարածաշրջանում որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, մարդու իրավունքների ոլորտում դրա վիճակի բարելավման հրատապ անհրաժեշտություն կա», - նշել է սենատորը։
Զիջումներ կորզելու նուրբ արվեստը. Թուրքիան Շվեդիային թույլ տվեց միանալ ՆԱՏՕ-ին
Նշենք, որ կոմիտեի ղեկավարի պաշտոնում Քարդինի նախորդը՝ սենատոր Բոբ Մենենդեսը, հետևողականորեն խոչընդոտել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի գործարքի առաջխաղացմանը: