Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակի կապակցությամբ ծաղիկներ է խոնարհել Նևայի ձախ ափին գտնվող «Ռուբեժնի կամեն» հուշարձանին, որը դարձավ Լենինգրադի ճակատամարտում խորհրդային զինվորների կայունության և քաջության խորհրդանիշն ու 1943-ի հունվարին «Իսկրա» գործողության հաջողության հարցում կարևոր դերակատարում է ունեցել:
Կոթողի վրա ներկայացված են Ռոբերտ Ռոժդեստվենսկու տողերը. «Դո՛ւք, ողջեր, իմացե՛ք, որ մենք չենք ցանկացել հեռանալ այս հողից և չենք հեռացել։ Մենք մինչև մահ կանգնեցինք մութ Նևայի մոտ։ Մենք զոհվեցինք, որ դուք ապրեք»:
Հուշարձանի հիմքին Պուտինը կարմիր վարդերի փունջ է խոնարհել։ Այդ ժամանակ պատվո պահակախմբի փողհարը կատարում էր Լև Գուրովի «Լռություն» երգը։ Որոշ ժամանակ նախագահը լուռ կանգնել է, հետո խաչակնքվել ու հետ գնացել դեպի մեքենան։
Այս հատվածի պաշտպաններն ամեն օր հակառակորդի 12-16 հարձակում են հետ մղել։ Այստեղ կրած կորուստների ստույգ թիվը մինչ օրս չի հաստատվել, սակայն, տարբեր գնահատականներով, գերազանցում է 100 հազարը։ Կռվողների թվում էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայրը՝ Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինը։ Այստեղ նա ծանր վիրավորում էր ստացել, բայց նրան մահից փրկել էր իր հարևանն ու մարտական ընկերը. կրակի տակ նա ավագ Պուտինին առել էր իր ուսերին ու տեղափոխել գետի մյուս՝ աջ ափ, որտեղ գտնվում էր մոտակա հիվանդանոցը:
ՌԴ նախագահը նաև ծաղկեպսակ է դրել Պիսկարևի հուշահամալիրի «Մայր հայրենիք» հուշարձանին: Նա ծնկի է իջել եղբայրական գերեզմանի առջև, որտեղ թաղված է շրջափակման ժամանակ զոհված իր եղբայրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգում հունվարի 27–ին կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի լիակատար ազատագրման 80-ամյակին: Տոնակատարությանը հրավիրված են 12 երկրների 59 շրջափակում անցած մարդիկ, այդ թվում՝ Հայաստանից։ Սպասվում են պատվիրակություններ 37 երկրներից և 50 սուբյեկտներից։