Հայաստանի 51 դատական նստավայրերից 9-ը կփակվեն. դատական դեպարտամենտ

Աշոցքի դատարանի շենքը
Ընդգծվում է, որ 9 նստավայրերից 8-ում անմխիթար շենքային պայմաններում են գործել։ Այս որոշման արդյունքում պետությունը կխնայի տարեկան շուրջ 200 միլիոն ՀՀ դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հայաստանի 51 դատական նստավայրերից 9-ը կփակվեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտը։
Նշենք, որ վերջին օրերին լուրեր տարածվեցին, որ Մեղրիի դատական նստավայրը փակվում է։ Դատական դեպարտամենտը բարձրացած աղմուկի ֆոնին պարզաբանում է տարածել։
«Քանի որ վերջին օրերին շատ է շահարկվել Մեղրիի դատական նստավայրի փակման հարցը՝ ընդհուպ մինչև աշխարհաքաղաքական համատեքստում, հարկ ենք համարում պարզաբանել, որ դատական դեպարտամենտի քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Հայաստանի ամբողջ տարածքում գործող 51 դատարաններից 9 նստավայրերի ՝ Աշոցքի, Տաշիրի, Թալինի, Արթիկի, Մարտունու, Վեդու, Եղեգնաձորի, Սիսիանի և Մեղրիի փակման վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպարտամենտից պարզաբանում են, որ նստավայրերից Աշոցքում և Մեղրիում տևական ժամանակ չի եղել մշտապես տեղակայված դատավոր, բայց այդ, դատարանի շենքերում կատարվել են կոմունալ և պահպանության ծախսեր, իսկ դատական ծառայողները պետական բյուջեից ստացել են աշխատավարձ, բայց մատնված են եղել մասնակի կամ ամբողջական պարապուրդի։
«Մյուս 7 նստավայրերում գործել են մեկ կամ երկու դատավորներ, այս դատարանները ևս բավարար չափով ծանրաբեռնված չեն գործել, և տեղի է ունեցել պետական ռեսուրսների ավելորդ ծախս»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ 9 նստավայրերից 8-ը անմխիթար շենքային պայմաններում են գործել։
Այս որոշման արդյունքում պետությունը կխնայի տարեկան շուրջ 200 միլիոն ՀՀ դրամ: