«Մայրիկ» ֆիլմի «հայրիկի»` Անրի Վերնոյի մահվան օրը հիշենք ականավոր ռեժիսորին, ով փորձեց ողջ աշխարհին ցույց տալ, որ «Մայրիկն» ավելին է, քան «մայրը»։
Հազիվ գտնվի մեկ հայ, որն այդ կինոնկարը դիտած չլինի։ Ավելին, շատերն այն թեև տխրությամբ, սակայն վերանայել են բազմիցս. չէ՞ որ այդ օջախի ջերմ ու քնքուշ մթնոլորտի միջով անցնում է յուրաքանչյուր հայ ընտանիքի ծանոթ ցավը։
Ցավոք, «Մայրիկ» ֆիլմը («Պարադի փողոց, տուն 588») Վերնոյի միակ հայկական թեման է, սակայն մասնագետներն ու կինոսիրողները գուցե «Մայրիկն» ամենաքիչը գիտեն։ Վերնոյը համաշխարհային կինեմատոգրաֆի աստղ դարձավ ամենահայկական ֆիլմից շատ ավելի շուտ։
Դեռ մանկուց Վերնոյի ճանապարհին հանդիպում էին մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ փոխում էին նրա կյանքը։
Այսպես, Մարսելի դպրոցում համադասարանցին հարցրեց Աշոտին, թե ինչպես է նրա անունը, և լսելով «Աշոտ Մալաքյան» անունը` բարձրաձայն ծիծաղեց ողջ դասարանով մեկ։ Տղայի հետ միասին ծիծաղում էին նաև մյուսները, և միայն Աշոտն էր ցանկանում այդ պահին լաց լինել (այս տեսարանը հավերժացավ «Մայրիկ» ֆիլմի դրվագներից մեկում)։ Այդ նույն «վատ տղան» հետագայում կծիծաղեցնի մի շարք սերունդների ու կընկերանա Վերնոյի հետ, նրա անունն էր Լուի դե Ֆյունես։
Ավելի ուշ Աշոտը հետաքրքրվեց հրապարակախոսությամբ, բազմաթիվ հոդվածներ գրեց «Հայկական հարցի» վերաբերյալ։ Մի անգամ հրատարակչությունը հրաժարվեց տպագրել գրվածքը նրա հայկական անունով, և զարմանալի պատահականությամբ հրատարակչության սեղանին հայտնվեց ոմն Անրի Վերնոյի նամակը։
Այդ օրվանից էլ Աշոտը ստացավ իր նոր անունը, որը նրան հայտնի դարձրեց, որով նա համաշխարհային ֆիլմի պատմության մեջ մտավ։ Այդ պահից նրա ներսում անդադար պայքար սկսվեց Անրի Վերնոյի (ապագա ֆրանսիացի հրապարակախոս, լրագրող, սցենարիստ և ռեժիսոր) ու Աշոտ Մալաքյանի (հայ, փախստական, Հայոց ցեղասպանությունը վերապրած` մշտնջենական ցավը սրտում) միջև։
Վերնոյի վրա ազդեցություն թողեց նաև Ռուբեն Մամուլյանը, ում «Քրիստինա թագուհի» ֆիլմը Վերնոյին մղեց ռեժիսոր դառնալ։ Բացի այդ, ենթագրերում Ռուբեն Մամուլյան անուն-ազգանունը տեսնելը նշանակում էր, որ հայը կարող է դառնալ անհաս ու խորհրդավոր այդ արվեստի մի մասնիկը։
Ականավոր կատակերգուներից մեկը` Ֆերնանդելը այն հռչակավոր դերասանների (Դելոն, Բելմոնդո, Մոնտան, Կուին, Շարիֆ, Կարդինալե) շարքից էր, որոնց հետ Վերնոյը լավ ստեղծագործական տանդեմ ստեղծեց։
Մի շարք ֆիլմերից, պարգևներից ու անվանակարգերից հետո Վերնոյը 1985 թվականին գրեց իր «Մայրիկ» բեսթսելերը։ Եվ դրա համար մենք պարտական ենք մեկ այլ ֆրանսիացու` գրող Անրի Թրուայային, ով համոզել էր Վերնոյին գրել այն։
«Քո հուշերն ու մանկական հիշողություններն ավելի մեծ ուշադրության կարժանանան, քան բոլոր ահաբեկիչների ռումբերը», — ասել է Թրուայան։
1991 թվականին Անրին էկրանավորեց իր հուշերը, իսկ մեկ տարի անց էկրան բարձրացավ ֆիլմի շարունակությունը։ Այդ օրվանից Մարսելի Պարադի փողոցի 588 տունը հայերի համար նույնքան հոգեհարազատ դարձավ, որքան Մոնպառնաս 19-ը ֆրանսիացիների համար կամ էլ Բեյքեր սթրիթ 221Բ-ն` անգլիացիների։
«Մայրիկը» դարձավ Վերնոյի ոչ միայն ամենաքնարական, այլև ամենաանձնական կինոժապավենը, ինչպես Կուստուրիցայի համար «Ընդհատակը» կամ Էլիա Կազանի համար «Ամերիկա-Ամերիկան», սակայն ի տարբերություն նույն «Ընդհատակի», «Շինդլերի ցուցակի» կամ «Դաշնակահարի», ցավոք, այդքան մեծ ճանաչում չունեցավ։
Կադր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից
© Toutlecine Challenges
Կինոժապավենը գրեթե ոչ մի հեղինակավոր մրցանակի ու համաշխարհային ճանաչման չարժանացավ, նույնիսկ անկախ նրանից, որ ֆիլմում այնպիսի մեծության աստղեր էին խաղում, ինչպես Կլաուդիա Կարդինալեն ու Օմար Շարիֆը։ Սակայն հայերի համար այն շատ կարևոր դարձավ, նույնքան խոր անձնական, որքան և Աշոտ Մալաքյանի համար, որը կյանքի վերջում վերջնականապես հաղթեց Անրի Վերնոյին ու հավատարիմ մնաց ինքն իրեն։