ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. 89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սոլոմինը, հայտնում է RT-ն։
Սոլոմինը մահացել է քնի մեջ։ Նրա կողքին եղել է դուստրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սոլոմինը 2 օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր նոյեմբերի 6-ին։
Յուրի Սոլոմինը ծնվել է 1935 թվականի հունիսի 18-ին Չիտայում։ 1961 թվականից դասավանդել է Շչեպկինի անվան բարձրագույն թատերական դպրոցում, եղել է դերասանի վարպետության ամբիոնի պրոֆեսոր։ 1988 թվականից եղել է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Նա խաղացել է գրեթե 60 ֆիլմերում և սերիալներում։
Առավել հայտնի է «Սովորական հրաշք», «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել», «Շրջափակում», «Իսաև» և այլ ֆիլմերից: 2020 թ. արժանացել է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչման:
Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I, II, III և IV աստիճանների շքանշանով։