ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայաստանում գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության համաճարակաբանական իրավիճակը համապատասխանում է սեզոնային մակարդակին՝ չնայած վարակվածների թվի զգալի աճին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։
Ներկայացնելով մոնիթորինգի տվյալները (գերատեսչությունն այն անցկացնում է ամենօրյա ռեժիմով)` մասնագետը հայտնեց, որ հունվարի 10-ի դրությամբ սուր շնչառական վարակներով ամբողջ երկրի բուժհաստատություններ է դիմել 1940 մարդ: Հիվանդների ընդհանուր թվի 63%-ը կազմում էին 0-ից 18 տարեկան անձինք:
Հունվարի 10-ին սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 759 մարդ (90%-ը՝ երեխաներ), 280 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ (60%-ը՝ անչափահասներ)։ Նշված ժամանակահատվածում շտապօգնություն ստացված կանչերի 17%-ը վերաբերել է սուր շնչառական վարակներին։
«Հունվարի 9-ի համեմատ ցուցանիշները փոքր-ինչ նվազել են։ Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա այստեղ ևս իրավիճակի որոշակի կայունացում ենք տեսնում», - ասաց Խաչատրյանը։
Համաճարակաբանը նաև նշեց, որ Հայաստանում շրջանառվում են գրիպի A տիպի H1N1 և H3N2 ենթատեսակները, գրիպի B տիպը: Տարածված են նաև սուր շնչառական վիրուսային վարակների հետևյալ տեսակները՝ շնչառական սինցիցիալ վարակ, ռինովիրուս, մետապնևմովիրուս, բոկավիրուս, ինչպես նաև կորոնավիրուսային վարակ:
Այս վարակներից որևէ մեկի դեպքում կլինիկական պատկերը գրեթե չի տարբերվում: Ընդ որում, գրիպին բնորոշ է հիվանդության ավելի սուր ընթացքը։ Մասնավորապես, կարող է լինել ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, մկանային ցավ, հոդացավեր։ Հետագայում կարող են հայտնվել հազ, հարբուխ, կոկորդի ցավ, ծանր դեպքերում՝ օտիտ, թոքաբորբ, բրոնխիտ։
Համաճարակաբանը պարզաբանեց, որ բարդությունները ծնվում են սխալ բուժման և ուշացումով բժշկի դիմելու պատճառով:
Խաչատրյանն ավելացրեց, որ գրիպի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը կանխարգելումն է, այսինքն՝ պատվաստումը: Առաջին հերթին, պատվաստումը խորհուրդ է տրվում ռիսկի խմբում գտնվող մարդկանց՝ 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաներին, հղի կանանց, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև 65 տարեկանից բարձր մարդկանց:
Իսկ եթե չեք կարողացել պաշտպանվել վարակից, բժիշկը խորհուրդ է տալիս շատ հեղուկ խմել, խորհրդակցել տեղամասային բժշկի հետ, մեկուսանալ տանը, հաճախակի օդափոխել տարածքը և դիմակներ դնել: