Ֆրանսիան հերքում է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները

Ֆրանսիայի ԱԳՆ–ն
Ֆրանսիացի դիվանագետները կապ են պահպանում Ադրբեջանում կալանավորված քաղաքացու ընտանիքի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ադրբեջանի` իրենց երկրի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին։
Ավելի վաղ Փարիզը պահանջել էր ազատել Բաքվում լրտեսության համար կալանավորված Ֆրանսիայի քաղաքացուն։
«Ադրբեջանի իշխանություններին ասել ենք, որ այդ կալանավորումն անօրինական ենք համարում և պահանջում անհապաղ ազատ արձակել մեր քաղաքացուն։ Մենք կտրականապես հերքում ենք Ադրբեջանի մեղադրանքները, որոնք նպատակ ունեն արդարացնելու մեր հասցեին արվող այդ ագրեսիվ գործողությունները», - ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ից հավելել են, որ կապ են պահպանում կալանավորվածի ընտանիքի և Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան հետ։
Նախօրեին Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունները դեկտեմբերի 4-ին լրտեսության մեջ մեղադրանքով Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել։ Դատարանը որոշում է կայացրել նրան 4 ամսով կալանավորելու մասին։
Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը Բաքվում Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալումն անվանել է Ադրբեջանի ներքին գործը և կոչ արել ֆրանսիական կողմին դադարել միջամտել քննչական գործերին։