Սահմանամերձ Չինարի գյուղում հաստատված 11 արցախցի ընտանիքները դեռևս խնդիրներ ունեն, բայց մի հարցում կայունություն ու որոշակիություն կա՝ իրենց նոր տունը Չինարիում է։ Sputnik Արմենիան 2 ամիս առաջ արդեն եղել է Չինարիում, երբ ընտանիքները նոր էին սահմանամերձ գյուղ տեղափոխվել և պատկերացում չունեին ոչ միայն ապագայի, այլև հաջորդ օրվա մասին։ Ամանորին որոշեցինք կրկին գնալ այնտեղ՝ զրուցելու ընտանիքների հետ, տեսնելու՝ ինչ պայմաններում, ինչպես ու ինչի սպասումով են ապրում։
Արցախցի փոքրիկներից մեկը Չինարիում
© Sputnik / Aram Nersesyan
Հակոբյաններ
Հակոբյանների բազմազավակ ընտանիքի (5 երեխա) հոր՝ Աղասիի համար տարվա առաջին աշխատանքային օրը նաև իր առաջին աշխատանքային օրն էր։ 17 տարվա զինվորականը կրկին պայմանագրային զինծառայության է անցել։ Մինչ այդ հասցրել է տունը կարգի բերել, տան ներսում սանհանգույց կառուցել, հողը մաքրել։
Ընտանիքը գյուղից նվեր է ստացել անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, կով, գոճիներ, ինքնուրույն ձեռք բերել ճագարներ։
Հակոբյանների տնտեսությունը
© Sputnik / Aram Nersesyan
Մարտակերտի Գետավանից են տեղահանվել, մտադիր են Չինարիում տուն գնել։
Աստղիկ Հակոբյան
© Sputnik / Aram Nersesyan
«Նոր տարին շատ լավ դիմավորեցինք, երեխեքն էնքան ուրախ էին, անցյալ տարի բլոկադա էր, բան չկար, էս տարի լիություն էր։ Էս քանի օրը մենք ենք գյուղացիներին, գյուղապետին հյուր գնացել, գյուղացիներն են հյուր եկել»,- պատմում է տանտիկինը` Աստղիկը։
Ասում է՝ հարազատներից ով զանգում, ասում է՝ սահմանից փախել, սահմանի բերան եք եկել, բայց իրենք իրենց շատ ապահով են զգում։
Մոնթե Հակոբյան
© Sputnik / Aram Nersesyan
Բաբայաններ
29-ամյա Միխայիլ Բաբայանը նախկինում պայմանագրային զինծառայող է եղել, հիմա շինարարական աշխատանքներով է զբաղվում։ Գոհ է։
Բաբայանների ընտանիքը Չինարիում
© Sputnik / Aram Nersesyan
Մարտունու Կարմիր Շուկայից բռնի տեղահանված Բաբայաններին (5 երեխա) Չինարիում կով են տվել, կովը մի ամսից ձագ կունենա, դրանից հետո երեխաների համար անհրաժեշտ մաքուր կաթնամթերքի հարցն էլ կլուծվի։
Հիմա նրանք հարսանիքի են պատրաստվում ու զույգ աղջիկների ծննդյան օրվան․ հունվարի 31-ին Յանայի ու Դիանայի ծննդյան օրն է, նրանց քեռին՝ Կարենն էլ այդ օրն ամուսնանում է։
Դա Չինարիում արցախցիների առաջին հարսանիքն է։
Մանասյաններ
Կարմիր Շուկայից են նաև Մանասյանները (3 երեխա)։ Թեպետ աշխարհի ամենալավ տեղն իրենց գյուղն ու տունն են համարում, բայց Չինարիում էլ սկսել են հարմարվել։ Մյուս ընտանիքների նման, նրանք էլ նվեր են ստացել և՛ կենցաղային տեխնիկա, և՛ վառելիք, և՛ վառարան, և՛ պարկերով կարտոֆիլ, ալյուր և այլն։
Մանասյանների ընտանիքը Չինարիում
© Sputnik / Aram Nersesyan
«Սիրտ չկա, բայց երեխաների համար տունը զարդարել ենք»,- ասում է տանտիկինը` Մարինեն։
Մարինե Մանասյան
© Sputnik / Aram Nersesyan
Հարևանությունից գոհ են, գյուղում շատերի հետ են ընկերացել ու ամանորյա փոխայցելությունների պակաս չի եղել։
Գոռ Մանասյան
© Sputnik / Aram Nersesyan
«Արցախցիներից ոչ մեկը չի եկել, լոխ չինարեցիներից, որովհետև ես էլ չինարեցի եմ»,- ասում է Կարոտը։
Կարոտ Մանասյան
© Sputnik / Aram Nersesyan
Ասում է` այնքան է գյուղի մասին պատմել, որ այստեղ է տեղափոխվել նաև մորաքրոջ տղայի ընտանիքը։
Գրիգորյաններ
Ստեփանակերտից բռնի տեղահանված Ռոմա և Վարդուհի Գրիգորյանները (2 երեխա) դեռ տունն են կարգի բերում։ Գործը մի քիչ դանդաղ, բայց առաջ է գնում։ Ռոման Արցախում պայմանագրային զինծառայող է եղել, դեռ չգիտի՝ այստեղ ծառայության կանցնի, թե այլ գործ կգտնի. առայժմ պետական աջակցությունից ու գյուղում ստացած օգնությունից բացի այլ եկամուտ չունեն, բայց վստահ են` կամաց-կամաց ոտքի կկանգնեն։
Ռոմա Գրիգորյանը որդու հետ
© Sputnik / Aram Nersesyan
«Այստեղ ընտիր է։ Կով, խոզ, հավ կա, եղանակը տաք է․․․»,- ասում է Ռոման։
Ռոմայի դուստրը` Ալվինան
© Sputnik / Aram Nersesyan
Ամանորին Չարենցավանից հարազատներն են եկել, տոնական արցախյան գաթա են թխում միասին։
Գրիգորյանների ընտանիքում արցախյան գաթա են թխում
© Sputnik / Aram Nersesyan
Բալայաններ
Բնութունը կանչող է, մարդիկ՝ սրտաբաց, բայց Բալայաններին (3 երեխա) տանջում է ծննդավայրի՝ Ասկերանի շրջանի Ռև գյուղի կարոտը։
Գյուլում Բալայան
© Sputnik / Aram Nersesyan
«Հիշողությունը գնալ չի, գիշերը մի երկու ժամ եմ քնում, մտածում եմ․․․ Բայց Նոր տարին լավ էր, հարևաններից շնորհակալ ենք, լոխ եկալ են։ Լավ ենք դիմավորել, խորոված ենք արել խոխեքի համար»,- ասում է տիկին Գյուլումը։
Այս ամիսների ընթացքում սանհանգույցի շինարարությունը գրեթե ավարտել են, գոմը կարգի բերել, այգին մշակել, հիմա էլ պատրաստվում են թոնիր կառուցել, որ տիկին Գյուլումն արցախյան համեղ հաց թխի, վաճառի։
Սարուխանյաններ
Սարուխանյանները (3 երեխա) Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղից են։ Տանտիկինը՝ Լիանան, Չինարիի այս տունը նմանեցնում է իրենց գյուղի տանը։ Մնացել է՝ գոմ կառուցեն, կենդանիներ պահեն, ինչպես այնտեղ էին անում։
Լիանա Սարուխանյանը դստեր` Սյուզաննայի հետ
© Sputnik / Aram Nersesyan
«Տնից հեռու տրամադրություն չկար։ Մեր գյուղը, մեր հողը մեզ ձգում ա»,- ասում է Լիանան։ Եթե Արցախն էլի հայկական լինի, անպայման կվերադառնան...
Բերձորցի Հակոբյաններ
Ի տարբերություն արցախցի նախորդ ընտանիքների՝ Անյուտա Հակոբյանի համար (4 երեխա) 2 տարվա դադարից հետո սա առաջին Նոր տարին էր ապահով տանիքի տակ։ 2022-ի օգոստոսին Բերձորից տեղահանվելուց հետո առաջին անգամ են տոնական սեղան բացել, տոնածառ զարդարել, երեխաների համար նվերներ գնել։
Անի Հակոբյան
© Sputnik / Aram Nersesyan
«Շատ ենք տեղից տեղ արել, Լաչինից հետո Չինարին երկրորդ տուն է դարձել, կայունություն է։ Գիտեմ, որ այստեղ հիմնական եմ, գիշերը հանգիստ քնում, զարթնում եմ, ոչ մեկը չի գալու, ասի՝ դուրս ես գալիս կամ թանկացնում եմ տան վարձը։ Տարի է եղել` ընդհանրապես Նոր տարի չենք արել, սեղանի վրա մի լավ բան չենք ունեցել դնելու, երեխեքի համար նվեր չեմ գնել, իսկ այս տարի արդեն մի քանի տոպրակ եմ առել»,- ասում է ընտանիքի հայրը` Աղասին։
Անյուտա Հակոբյան
© Sputnik / Aram Nersesyan
Չինարեցի են դարձել, կպել տանն ու հողին։ Ինչպես հարազատ Բերձորում, այնպես էլ Չինարիում արդեն բոլորին ճանաչում են, երեխաները հարմարվել են դպրոցին ու մանկապարտեզին։ Թե՛ իրենց, թե՛ տատիկի համար որոշել են սերտիֆիկատներով տուն գնել ու մշտապես հաստատվել Տավուշում։
Հակոբյանների երեխաները
© Sputnik / Aram Nersesyan