ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականն ամփոփել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներով, ինչը 2022 թ.–ի ցուցանիշը գերազանցում է 295.9 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տարեսկզբին հաստատված 2 տրլն 203.7 մլրդ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 18.2 մլրդ դրամով:
«Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ շուրջ 38.1%-ով»,– ասված է հաղորդագրությունում։
Հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոններով) տվյալներով իրականացվել է 648.7 մլն գործարք` 12.2 տրլն դրամ արժեքով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 45.0 մլն գործարքով և 2.1 տրլն դրամով։
ՊԵԿ տվյալներով` գրանցվել է աշխատատեղերի և միջին աշխատավարձի ռեկորդային աճ։ Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը նոյեմբերին կազմել է շուրջ 738 հազար` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5,2%-ով, միջին աշխատավարձը կազմել է 293 հազար դրամ, աճը՝ 10,6%: