ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik․ Ավելի քան 88 միլիոն դրամի կրիպտոարժույթի համակարգչային հափշտակություն է արվել, առաջին անգամ Հայաստանում կրիպտոարժույթի հափշտակության վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ապրիլի 25-ին Երևանի բնակիչ Օ․Կ-ն ԱԱԾ-ում հաղորդում է տվել, որ իրեն պատկանող կրիպտոարժույթային դրամապանակից իր համար անհայտ հանգամանքներում հափշտակվել է 236.000 ԱՄՆ դոլար արժողության 129 «էթերիում» (Ethereum) տեսակի կրիպտոարժույթ:
Պարզվել է, որ հիշյալ հափշտակությունը կատարել է Երևանի 36-ամյա բնակիչը։ Նա, լինելով մասնագիտությամբ ծրագրավորող, մարտի 19-ին ապօրինի հասանելիություն է ստացել Օ․Կ․-ի կրիպտոարժութային դրամապանակին, 88.303.352 դրամին համարժեք 129 «էթերիում» տեսակի կրիպտոարժույթը փոխանցել իր կրիպտոդրամապանակին և հափշտակել այն։
«Այնուհետև կանխիկացման նպատակով 2023 թվականի մարտի 19-ին և հունիսի 25-ին հափշտակված 129 «էթերիում» տեսակի կրիպտոարժույթից տղամարդը համապատասխանաբար 9 և 20 էթերիում փոխանցել է ամերիկյան ընկերությանը պատկանող իր անվամբ բացված կրիպտոդրամապանակին։ Ապա նշված ընդհանուր 29 էթերիումի մի մասը փոխակերպել է դաշ (DASH), մյուս մասը՝ ռիփլ (XRP) տեսակի կրիպտոարժույթներով ու հաշվից ելքագրել»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Երևանի 36-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի (համակարգչային հափշտակություն) 3-րդ մասի 3-րդ կետով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանք: Ավելի ուշ այն փոխարինվել է տնային կալանքով՝ 2 ամիս ժամկետով, ինչպես նաև 15 մլն դրամ գրավով։