ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով պաշտպանները դատական նիստում միջնորդեցին, որ իրենց պաշտպանյալների համար արդարացման դատավճիռ կայացվի։
Հայտնել ենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատական նիստի ժամանակ դատախազն առաջարկել է քրեական պատասխանատվությունից ազատել Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և նախկին գյուղնախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին։ Դատախազը որպես հիմնավորում նշել էր այն, որ վաղեմության ժամկետն անցել է։
Այսօրվա դատական նիստում արդարացման դատավճռի միջնորդությամբ հանդես եկան գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակից, վարչության պետ Գևորգ Հարությունյանի և Բարսեղ Բեգլարյանի պաշտպանները։
«Գևորգ Հարությունյանի մեղադրանքի հիմքում չկան ապացույցներ, եթե կան ապացույցներ, ապա դրանք վկայում են նրա անմեղությունը»,- հայտարարեց փաստաբանը։
Նշենք, որ դատական նիստն ընթանում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։
Ներկայում դատական վիճաբանությունների փուլն է, գործով դատաքննությունը մոտենում է ավարտին։
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ պատրաստ չէ ճառով հանդես գալուն։ Դատական նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք` ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։