ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դրական է գնահատում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Նա այդ մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«2023 թվականի վերջին Հայաստանի հետ խաղաղության գործընթացի շրջանակում որոշակի դրական արդյունքներ են ձեռք բերվել։ Դրանք ձեռք են բերվել Բաքվի և Երևանի միջև ուղիղ շփումների շրջանակում», - ասել է նա։
Բայրամովը նշել է, որ այս տարի խաղաղության պայմանագրի շրջանակում չորս հանդիպում է ունեցել հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ, ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում էլ տեղի է ունեցել հոկտեմբերին Թեհրանում:
«Զուգահեռ մենք աշխատում ենք խաղաղության պայմանագրի վրա։ Մասնավորապես հայկական կողմին ներկայացրել ենք առաջարկությունների մեր փաթեթը», - ավելացրել է արտգործնախարարը։
Նշենք, որ Ադրբեջանն ավելի վաղ Հայաստանին էր ուղարկել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկների պատասխանը: Ինչպես հայտարարել էր Բայրամովը, Բաքուն ակնկալում է, որ կողմերի միջև հանդիպումներ կանցկացվեն 2024 թվականին: Նա ընդգծել էր, որ վերջին շրջանում իրենք դրական ազդակներ են ստանում Երևանից, բայց խաղաղության գործընթացի վերաբերյալ իրական գործողություններ են ակնկալում ՀՀ–ից:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։