ԵԱՏՄ երկրներից փորձել են առանց հայտարարագրման ավելի քան 5 տոննա ապրանք ներմուծել․ ՊԵԿ

Ճշգրտվել են ներմուծված ապրանքների արժեքները, որի արդյունքում պետական բյուջե վճարվող հարկերը մի քանի անգամ ավելացել են։
Sputnik
ԵԱՏՄ երկրներից փորձել են առանց հայտարարագրման կամ այլ անձանց տվյալներով 5 տոննայից ավելի ապրանք ներմուծել։ Պետական եկամուտների կոմիտեն հերթական բացահայտումն է արել։ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հսկողական աշխատանքների իրականացման շրջանակում զննման են ենթարկվել ընկերության կողմից երկու դեպքով տարբեր «տարանցման հայտարարագրերով», բեռնատարներով ներմուծված ապրանքները։
«Պարզվել է, որ 2 բեռնատարում էլ առկա են չհայտարարագրված բազմաթիվ ապրանքներ՝ մետաղալարեր, շարժիչի յուղեր, ավտոպահեստամասեր, համակարգչի համար նախատեսված հիշողության սարքեր, տեսագրող սարքեր, հեռուստացույցի ընդունիչներ, որոնք ներառված չեն եղել ուղեկցվող փաստաթղթերում։ Պարզվել է նաև, որ հաշիվ ապրանքագրերում նշված մի շարք ապրանքների արժեքները հայտարարագրվել են շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով»,- տեղեկացնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից։
ՌԴ-ից ապրանքներ ներկրող մեկ այլ ընկերության ներկրած ապրանքների զննման և փաստաթղթերի ստուգման արդյունքում բացահայտվել է, որ բեռնատարում առկա են չհայտարարագրված ապրանքներ՝ նոր հագուստ, հեռախոսի աքսեսուարներ, էլեկտրական ծխախոտների սարքավորումներ և այլն։ Հաշիվ ապրանքագրերում էլ նշված մի շարք ապրանքների արժեքները հայտարարագրված են եղել շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով։
ՌԴ-ից ՀՀ ներմուծված տարանցման հայտարարագրովմի բեռնատարի բեռնախցիկի ապրանքների զննության ժամանակ էլ պարզվել է, որ առկա են չհայտարարագրված ապրանքներ՝ ջեռուցման կաթսա, ավտոպահեստամասեր, տեսախցիկներ, խողովակներ էլեկտրական ծխախոտների տաքացնող սարքավորումներ։
Բոլոր չորս դեպքերով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ։ Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր քաշը կազմել է 3402 կգ, իսկ ոչ իրենց անվամբ հայտարարագրված ապրանքներինը` 1806 կգ: Ճշգրտվել են ներմուծված ապրանքների արժեքները, որի արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկերը մի քանի անգամ ավելացել են։
Փորձել են մոլորեցնել ՊԵԿ-ին․ ոչնչացման ենթակա հավի կրծքամսի փոխարեն ոսկորներ են եղել