Երևանի մետրոպոլիտենում հերթական շարժակազմն է դուրս եկել գիծ 3 վագոնով

Արխիվային լուսանկար
Հերթական շարժակազմը գիծ դուրս կբերվի 2024 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում այսօր ևս մեկ շարժակազմ է դուրս եկել գիծ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
«Այսօր ևս մեկ շարժակազմ՝ երեք վագոններով, արդեն դուրս է եկել գիծ։ Սա երրորդ հավելյալ շարժակազմն է, որ այս տարի գիծ է դուրս եկել։ Չորրորդը դուրս կգա հունվարի 15-ից»,- նշեց Սեդրակյանը:
Նա նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում մետրոյով փաստացի տեղափոխվել է 568 847 ուղևոր, բայց ծրագրավորված ուղևորափոխադրումը 504 000 էր։
Մետրոպոլիտենի տնօրենն ընդգծեց` գիծ է դուրս բերվել 2857 գնացք։
«Վագոնների քանակն է փոխվել, գնացքների քանակը նույնն է մնացել, այսինքն ավելի շատ մարդ է տեղավորվում»,- ասաց Սեդրակյանը։
Հիշեցնենք, որ նախորդ 3-վագոնանի շարժակազմը գիծ էր դուրս եկել դեկտեմբերի 18-ին։
Ամռանը մետրոպոլիտենից հայտնել էին, որ 45 նոր շարժակազմ են պատրաստվում ձեռք բերել։