Նախկինում ձգտում էր, հիմա՝ արդյունք․ հաշմանդամ տղաները` Ուժային եռամարտի առաջնությունում

Հաշմանդամություն ունեցող մարզիկների գրանցած արդյունքները ոգևորող են ոչ միայն մարզիկների, այլև բոլոր այն մարդկանց համար, որոնք երբեմն ծուլանում են ինչ-որ բան անել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Այսօր Երևանում մեկնարկեց Ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը։ Այն կազմակերպել են ՀՀ ուժային եռամարտի և ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիաները։
Առաջնության առաջին հատվածում սեղմում հենարանից վարժությունում մրցում էին հաշմանդամություն ունեցող մարզիկները։ Այս տարի մասնակիցների թիվը 50-ն է, որոնք հանդես են գալիս քաշային տարբեր կարգերում։
Ուժային եռամարտի առաջնության մասնակիցներ
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանն ասում է՝ մասնակիցների թիվն այս անգամ ավելի քիչ է, քան, օրինակ, նախորդ տարի էր, որովհետև առջևում միջազգային մեծ մրցումներ են և շատերը զբաղված են դրանց նախապատրաստվելով։
Ուժային եռամարտի առաջնության մասնակիցներ
«Այս ամենի գերնպատակն ինտեգրումն է, բերում ենք դեպի սպորտ և առողջ ապրելակերպ։ Լավագույններին նկատում ենք, առանձնացնում ու պատրաստում միջազգային մրցումների, որտեղ արդեն մեր երկիրը պետք է պատվով ներկայացնեն ու հաղթանակով վերադառնան»,- նշեց Սարգիս Ստեփանյանը։
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյան
Նշենք, որ սեղմում հենարանից վարժության մասնակիցներից ոմանք 44-օրյա պատերազմի մասնակից զինհաշմանդամներ են։ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Ասատուրովի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների արդյունքները տարեցտարի բարձրանում են։
Ուժային եռամարտի առաջնության մասնակիցներ
«Այն, որ նրանք մարզվում են, մարզիկներ դառնում, ինքնին խրախուսելի է, ոգևորող բոլոր մարզիկների և մարդկանց համար, ովքեր ծուլանում են ինչ-որ բան անել։ Բայց եթե 6 տարի առաջ տեսնում էինք սիմվոլիկ արդյունքներ և ձգտում, այսօր ունենք փաստացի արդյունքներ»,- նշեց Ասատուրովը։
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սերգեյ Ասատուրով
Հավելենք, որ առաջնության հյուրերի թվում էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը ևս զինհաշմանդամ է։
Սարգիս Ստեփանյանն ու Սեյրան Օհանյանը
Այս առաջնությունն անցկացվում է 2017 թվականից սկսած։ Այն տևում է երկու օր և կավարտվի վաղը՝ դեկտեմբերի 24-ին։
Ուժային եռամարտի առաջնության մասնակիցներ